Ո՛չ, ես երբևէ չեմ պատրաստվում ընտրել Ռոբերտ Քոչարյանին․ Ռուբեն Ռուբինյան

Երբ դուրս եկա իմ աշխատասենյակից ու գալիս էի դահլիճ՝ լրագրողներն ինձ մոտեցան և հարցեր տվեցին ու ես ապշած էի այդ հարցերից, որովհետև մեր երկրի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո հնչող հարցերը մոտավորապես պետք է լինեին այսպես՝ ի՞նչ վիճակ է սահմաններին, ի՞նչ է ձեռնարկվում ՀՀ-ի ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պահելու համար, ինչո՞վ կարող են օգնել իրենք՝ լրագրողները և այսպես շարունակ։ Բայց ինձ տրված հարցը հետևյալն էր՝ ընդդիմությունը ձեռնարկել է իմպիչմենտի գործընթաց, արդյո՞ք միանալու եք։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Այդ հարցերն ինձ համար աբսուրդային են: Ո՛չ, ես երբևէ չեմ պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին վարչապետ ընտրել։ Մեկ պարզ ճշմարտություն կա՝ երբ երկիրը կանգնած է կոնկրետ սպառնալիքի առաջ և անհրաժեշտություն է առաջանում ռազմական ճանապարհով պաշտպանել սեփական տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ամենակարևոր բանը ներքին միասնությունն է։ Սա չհասկանալու համար կա՛մ պետք է դավաճան լինես, կա՛մ տրվես էմոցիաներին»,-ասաց նա։ 

Ռուբինյանը հիշեցրեց Ապրիլյան պատերազմը և նշեց, որ որքան էլ համակարծիք չի եղել այդ օրերի իշխանության դիրքորոշման հետ, մտքի ծայրով չի անցել, որ Սերժ Սարգսյանին մեղադրի Ադրբեջանի՝ հայկական կողմի վրա հարձակման համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում