Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Սուրեն Պապիկյանը եղել է նաև վատ մանկավարժ

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Սուրեն Պապիկյանը եղել է նաև վատ մանկավարժ

Բանակում ինչ լինում է, միանգամից հարձակվում ենք Պաշտպանության նախարարության վրա, բայց բանակում որևէ բան անելն արդեն ուշ է, ամեն ինչ պետք է անենք մանկապարտեզում, դպրոցում ու ԲՈւՀ-ում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու համարեց հարցը լուծված, այն համատեքստում, որ Սուրեն Պապիկյանը ոչ մի մեղք չունի, ամբողջ մեղքը մանկապարտեզներինն է, դպրոցներինն ու բուհինը։

Փաշինյանի տրամաբանությամբ ունենք անդաստիարակ հասարակություն, որն իր արատավոր բարքերը տեղափոխում է բանակ ու դժգոհում Սուրեն Պապիկյանից։ Թեպետ այս դեպքում Սուրեն Պապիկյանը կրկին մեղավոր է, քանի որ նախքան նախարար լինելը, աշխատել է դպրոցում, որպես պատմության ուսուցիչ, ըստ այդմ, այսօր իր կողմից ղեկավարվող գերատեսչությունում ծառայում են իր կողմից վատ դաստիարակված նախկին սաները։ Այսինքն վատ ուսուցիչ Պապիկյանը միաժամանակ ՊՆ վատ ղեկավար է ու այսօր հնձում է այն, ինչ ցանել էր երեկ։ Այլ խոսքով, Փաշինյանն արդարացնելով Պապիկյան նախարարին, «սևացրեց» Պապիկյան ուսուցչին։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանի սեփական ընկալումներն ընդունենք որպես ելակետ։

Կրկին առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ բանակում տեղի ունեցող բոլոր սպանությունների, ինքնասպանությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների ու ընդհանրապես ցանկացած որևէ արատավոր երևույթի համար պետք է պատասխանատվություն կրեն ոչ թե հրամանատարները, ԳՇ պետն ու Պաշտպանության նախարարը, այլ զինծառայողների մանկապարտեզների վարիչները, դպրոցի տնօրեններն ու բուհերի ռեկտորները։

Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ հայտնվելով ՀՀ վարչապետի աթոռին, իրեն շփոթում է Սոկրատեսի կամ Կոնֆուցիոսի հետ ու գիտելիքների պատառիկներից ձևավորված իր տրամաբանությամբ ընդամենը քաղվածք է անում ականջի պոչով լսածներից, հակառակ դեպքում կհասկանար, որ վարչապետի գործառույթը ոչ թե հասարակությանը կրթելու առաքելությունն է, այլ Կառավարության աշխատանքների ճիշտ կազմակերպումը, հասարակության անվտանգության ապահովումն ու արտաքին հարաբերության ձևավորումը։

Պատկերացրեք որևէ երկրի բանակում տասնյակ զինծառայողների տեղավորեին ճաղավանդակներով պատված մի փոքրիկ կացարանում, որը նախատեսված չէր լինի զինվորականների համար ու հրդեհի հետևանքով բոլոր զինծառայողները ողջ-ողջ այրվեին, սակայն արդյունքում տվյալ երկրի ղեկավարը հայտարարեր, որ մեղավորը ոչ թե ՊՆ ղեկավարն է, այլ հասարակությունը։ Ապա ի՞նչ եք կարծում, ի՞նչ կկատարվեր նման անհեթեթություն արտաբերողի հետ։ Ճիշտ եք, դեռ նախադասությունը չավարտած, կհայտնվեր քաղաքական աղբանոցում։

Զավեշտ է, երբ մարդը, որը բանակում չի ծառայել, ինքնավստահ տոնով դատողություններ է անում բանակի մասին, առանց գիտակցելու, որ թեպետ բանակը ձևավորված է տարբեր ընտանիքներից, հասարակության տարբեր շերտերից, տարբեր դաստիարակություն, բնավորություն ու աշխարհայացք ունեցող երիտասարդներից, սակայն ցանկացած արատավոր երևույթի համար պատասխանատու է ոչ թե տվյալ հանցանքի մեջ մեղադրվող երիտասարդի մանկապարտեզի վարիչը, այլ հրամանատարությունը, ներառյալ Պաշտպանության նախարարը, որովհետև նրանք այդ պաշտոններին նշանակվել են հենց նրա համար, որպեսզի բանակում կարողանան հաստատել կանոնադրական հարաբերություններ ու հետևեն դրա պահպանմանը։ Եթե չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, ապա միանշանակ պետք է հեռացվեն աշխատանքից։

Սակայն պետք չէ զարմանալ բանակում օր-օրի վատթարացող իրավիճակից, որովհետև այսօր ՊՆ ղեկավար է նշանակված մի մարդ, որը դպրոցում ուսուցիչ աշխատելու տարիներին պարզվեց չի ունեցել իրական մանկավարժի որակներ, իսկ իր ծառայության տարիներին դանակահարել է սպայի, այսինքն անկախ իր մեղավորության աստիճանից, եղել է այնպիսի արատավոր երևույթի կողմերից մեկը, ինչպիսին այսօր տիրապետող է իր ղեկավարած կառույցում։ Դե իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն էլ բանակի մասին բաղկացած են միայն ելակից ու քյաբաբից։

Նաև պետք չէ զարմանալ այն պատճառով, որ կառավարության յուրաքանչյուր ձախողման դեպքում Նիկոլ Փաշինյանն անպայման դա գցում է որևէ մեկի «ջեբը», այս ու հերթական անգամ քավության դերում կրկին ողջ հասարակությունն էր։

Կարեն Կարապետյան