Փաստաբաններն առաջարկում են Ազատի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանին տնային կալանքի տանել

Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հեևանքով 15 զինծառայողների մահվան գործով դատական նիստի ընթացքում մեղադրյալ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանի փաստաբանական թիմն այսօր՝ մարտի 22-ին դատարանին միջնորդություն ներկայացրին՝ գրավի դիմաց փոխել Աղեկյանի խափանման միջոցը և նրան տեղափոխել տնային կալանքի։
Փաստաբան Գուրգեն Ներսիսյանը նշեց, որ Աղեկյանը կգտնվի տնային կալանքում և որևէ մեկի հետ շփում չի ունենա։ «Իր ընտանիքը մեկ անշարժ գույք ունի, բնակարան, որը հոր անունով է, այդ տունը գնահատվում է 17 մլն դրամ։ Եվ հիմա մենք առաջարկում ենք այդ գրավի դիմաց Աղեկյանի կալանքը փոխարինել տնային կալանքով։ Գոռ Աղեկյանը որևէ խախտում թույլ տալու դեպքում նորից կհայտնվի կալանավայրում, իսկ ընտանիքը կկորցնի տունը։ Այդ տանն են ապրում Աղեկյանի ծնողները, կինն ու երեխաները»,- նշեց Ներսիսյանը։
Բացի այդ, առաջարկվեց չբացակայելու խնդիր դրվի։ «Անձին տանենք տուն, որ առողջությունը չվնասվի՝ դեռևս դատական ակտ չլինելու պայմաններում»,- նշեց նա։