«Սուպերնախարարություն». իշխանության նոր բալանսը

«Սուպերնախարարություն». իշխանության նոր բալանսը

Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ արտահերթ նիստում, 67 կողմ, 6 դեմ ձայնով, ընդունել է Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Այսպիսով, ըստ ընդունված նախագծի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը։ ՆԳՆ ենթակա մարմիններ կլինեն Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը:

Ֆորմալիստական տեսանկյունից՝ օրենք դրական է, որովհետև ոստիկանությունն, ըստ էության, դառնում է խորհրդարանին հաշվետու ինստիտուտ: Մյուս կողմից, գործնականում բոլորի համար ակնհայտ է, որ ոստիկանությունը մեր օրերում բռնության գործիք է դարձել՝ ամենևին էլ ոչ օրենսդրական բացերի հետևանքով: Հայաստանում գործում է «մեկ մարդու իշխանության» մոդելը ու պետական բոլոր ինստիտուտները խամաճիկային կախվածության մեջ են Նիկոլ Փաշինյանից:

Սակայն օրենքի ընդունումն ու ՆԳՆ ստեղծումն ունեն նաև ներքաղաքական մեծ համատեքստ:
Ստեղծվում է նոր սուպերնախարարություն, որի ղեկավարի նշանակման հանգամանքով պայմանավորված՝ փոխվելու է ուժերի բալանսն իշխանության ներսում:

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը, գոնե արտաքուստ, հետին պլան է մղում ՔՊ քաղաքական կորիզին: Այդպես էր ՔՊ վարչության փոխնախագահների ընտրության ժամանակ, երբ առաջ մղվեցին կուսակցության հետ, ըստ էության, կապ չունեցող մարդիկ: Այդպես էր նաև փոխվարչապետի, ԿԳՍՄ ու ֆինանսների նախարարների նշանակման ժամանակ, երբ կաբինետի անդամներ դարձան մարդիկ, ովքեր առնչություն չունեն քաղաքական թիմի հետ:

Կշարունակի՞ այս միտումը Փաշինյանն՝ ՆԳՆ նախարար նշանակելով, օրինակ՝ իր դասընկեր Վահե Ղազարյանին, թե սուպերնսխարար կդառնա ՔՊ որևէ գործիչ՝ հակակշռելու համար Սուրեն Պապիկյանի ու Տիգրան Ավինյանի թևերին, որոնք արդեն մեզ ազդեցություն ունեն կուսակցության ներսում:

Այս հարցերի պատասխանը կունենանք արդեն տարեսկզբին:

 

Վահրամ Բագրատյան