Հրաչյա Սարգսյանն իրեն քաղաքականապես չհասունացած դեռահասի պես է պահում․ Իզաբելլա Աբգարյան

Տիգրան Ավինյանը դաշտ տարավ այն, որ պարտադիր չէ բարձր որակավորում ունեցող միջազգային բուհերում սովորեն մարդիկ, որ կարողանան աշխատել, թեև իմ հարցն այլ էր, ես ասում էի, որ քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունն ազգագրագետ է ղեկավարում։
MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով ավագանու երեկվա նիստում տեղի ունեցած միջադեպին, երբ Տիգրան Ավինյանը հորդորեց, որ թույլ տան մարդկանց աշխատել՝ առանց մարդու մասնագիտությունից կառչելու։
Աբգարյանի խոսքով՝ որպեսզի մարդը լավ աշխատի, ապա պետք է նաև լավ մասնագետ լինի։
«Պետք չէ Հարվարդ ավարտել, բայց շինբարեկարգման վարչությունում աշխատելու համար պետք է առնվազն ունենալ համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ։ Թող Հարվարդ չլինի, լինի Ճարտարապետական համալսարան, բայց ամեն դեպքում՝ ոչ ազգագրագետ»,- նշեց Աբգարյանը։
Նա նկատեց՝ այսօր պատմաբանների, ազգագրագետների մեծ կարիք կա, և այդ մարդիկ ավելի լավ կարող են աշխատել իրենց ոլորտում։
«Էդ մարդն էլ է ափսոս, նայում ես՝ ամբողջ կյանք նվիրվել է իր ոլորտին, իսկ հիմա բերել են շինարարության ոլորտ, որի հետ ինքն առնչություն երբևէ չի ունեցել»,- ասաց Աբգարյանը։
Անդրադառնալով մեկ այլ միջադեպի, երբ քաղաքապետն իրեն հորդորեց տալ այն քաղաքացու հեռախոսահամարը, որն իր խնդրի մասին Աբգարյանին է տեղեկացրել, ավագանու անդամը նշեց՝ խայտառակություն էր դա, որի համար ինքը ներողություն է խնդրում երևնացիներից։
«Ես իսկապես ցավում եմ երեկ տեղի ունեցածի համար, քանի որ որևէ համայնքի պատիվ չի բերում ունենալ այդ մակարդակի խոսույթ՝ ավագանու նիստի ժամանակ։ Քաղաքապետը դեռահասի վարքագիծ էր դրսևորում ինձ հետ վիճելիս, թե ինձ հետ մի խոսեք, համար տվեք, ինչ-որ խայտառակություն էր։ Մնում էր, որ քաղաքապետն ինձ կապեր աթոռին ու ստիպեր ասել, թե որ քաղաքացին է ահազանգել խնդրի մասին։ Սա ի՞նչ ձև էր։ Քաղաքականապես չհասունացած դեռահասի պես է իրեն պահում քաղաքապետը»,- նշեց Աբգարյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի պատճառն այն է, որ մարդիկ իրենց տեղում չեն, չունեն քաղաքական հասունություն։
«Մյուս կողմում էլ փոխքաղաքապետ Ավինյանն է, որ անգամ մարդու՝ մասնագետ լինելու կարևորությունը չի գիտակցում։ Ամոթ է ուղղակի։ Մթնոլորտը շատ վատն է։ Ու կլինի արտահերթ ընտրություն, թե՝ ոչ, բնականաբար մեծամասնությունն է որոշելու։ Բայց Երևանն ափսոս է»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը՝ հավելելով, որ թե՛ Սարգսյանի, թե՛ Ավինյանի քաղաքապետ լինելուդեպքում Երևանը տուժելու է։
Ավագանու անդամն, այնուամենայնիվ, հույս հայտնեց, որ Ավինյանը չի դառնա քաղաքապետ, քաղաքական մյուս ուժերը կկարողանան հանրությանը բացատրել, թե ինչ վտանգ են ներկայացնում այս մարդիկ Երևանի համար։
Նարե Գնունի