Որտե՞ղ են նախընտրում հայ նորապսակներն անցկացնել իրենց մեղրամիսը

Որտե՞ղ են նախընտրում հայ նորապսակներն անցկացնել իրենց մեղրամիսը

Մեղրամիսը յուրահատուկ ժամանակահատված է նորապսակների համար, որոնք ձգտում են այն անցկացնել ռոմանտիկ միջավայրում։ Ամռան այս սեզոնին հատկապես հարսանեկան արարողությունների պակաս չի զգացվում, ուստի MediaHub-ը դիմեց տուրիստական տարբեր գործակալություններին՝ հասկանալու, թե արդյո՞ք 2024 թվականին հայ ամուսնական զույգերի նախասիրությունները դարձել են ավելի բազմազան, թե՞ նրանք նախընտրում են մեկնել մեղրամիս աշխարհի հայտնի, կարելի է ասել՝ ավանդական երկներ: 

Ահա մեղրամիս անցկացնելու համար հայ նորապսակների յոթ սիրված   ուղղությունները:

Առաջին տեղում, ըստ տուրիստական կազմակերպությունների, որոնց դիմել էինք, Մալդիվյան կղզիներն են։ Հայ նորապսակները ձգտում են ռոմանտիկ ժամանակահատվածն անցկացնել Մալդիվներում, որը հայտնի է իր ճերմակ ափերով, իրարից բավականին հեռու տարածության վրա տեղակայված բունգալոներով, որոնք առանձնանալու հնարավորություն են ընձեռում զույգին։ Մի խոսքով՝ նրանց համար, ովքեր երազում են ծովափնյա իդեալական հանգստի մասին, Մալդիվները կատարյալ ընտրություն են: 

«Այստեղ նորապսակները կարող են վայելել դայվինգ, սպա բուժում և անմոռանալի մայրամուտ»,- նշեցից տուրիստական գործակալությունից: Բացի այդ, նորապսակներին անակնկալներով են դիմավորում. ահա  MediaHub–ի ընթերցողներից մեկի սեփական փորձի պատմությունը. «Մալդիվներում մեզ դիմավորեցին շամպայնով, բունգալոյում ամենուր վարդի թերթիկներ էին, գեղեցիկ երաժշտություն, և այս ամենը անմիջապես ընտիր տրամադրություն է ստեղծում: Ոչ մի րոպե չենք զղջացել, որ ընտրել ենք Մալդիվները մեղրամիսը անցկացնելու համար»։

Նշենք, որ մեր հարցախույզի համաձայն՝ Մալդիվներում մեկ շաբաթը նորապսակների համար կարժենա 2300 դոլարից սկսած գումար, որի մեջ ներառված է ավիատոմսը, հյուրանոցը, նախաճաշն ու տրանսֆերը։

Երկրորդ տեղում Բալի կզղին է, որը ևս հիանալի վայր է և գնալով ավելի մեծ թվով նորապսակներ են նախընտրում այստեղ անցկացնել իրենց կյանքի ամենառոմանտիկ ժամանակահատվածը: Ինդոնեզիական այս կղզին համատեղում է էկզոտիկա, ռոմանտիկա և յուրահատուկ մշակույթ: Բալին ոչ միայն բնության գեղեցկության մասին է, այլև հարուստ մշակույթի: Նորապսակներն կարող են այցելել հարյուրամյակների պատմություն ունեցող տաճարներ, վայելել տեղական պարային շոուներ և ճաշակել ավանդական ուտեստներ: Տեղական ավանդույթների և սովորույթների ուսումնասիրությունը մեղրամիսն ավելի հիշարժան կդարձնի: 

Բալին նաև հայտնի է իր առողջարաններով, որոնք հանդես են գալիս հանգստի և բուժման մի շարք առաջարկներով: Ճիշտ է, Բալի հասնելը այդքան էլ  մատչելի չէ և փաթեթը երկու հոգու համար մեկ շաբաթվա համար կարժենա 3000-ից դոլարից սկսած, սակայն մեղրամիսն այս դրախտային վայրում անշուշտ երկար կհիշվի:

Ռոմանտիկ ճամփորդության համար պահպանում են իրենց ակտուալությունը նաև եվրոպական երկրները։ Հունաստանի Սանտորինի կղզին աշխարհի ամենառոմանտիկ կղզիներից մեկն է համարվում։ Իր կապույտ տանիքներով սպիտակ տներով, ապշեցուցիչ մայրամուտներով ու անմոռանալի ծովային պեյզաժով հայտնի այս կղզին մեղրամիս անցկացնելու համար կատարյալ վայր է: Նորապսակները կարող են վայելել տեղական խոհանոցը, հանգստանալ լողափերում և բացահայտել գեղատեսիլ հունական գյուղերը, իսկ տարածաշրջանի գինին ու ավանդական ուտեստները իրապես տոնական մթնոլորտ կստեղծեն։ 

Մենք տեղեկացանք, որ Սանտորինիում մեկ շաբաթյա հանգիստը նորապսակների համար կարժենա շուրջ 4000 դոլար, որի մեջ ներառված են ավիատոմսերը, վիզայի աջակցությունը, բժշկական ապահովագրությունը, հյուրանոցը, նախաճաշն ու էքսկուրսիաները։

Չորորրդ հորիզոնականը պահում է Իտալիայի Վենետիկ քաղաքը։ Այն բոլոր ժամանակներում եղել է ռոմանտիկայի խորհրդանիշ։ Զույգը կարող է վայելել ռոմանտիկ գոնդոլով զբոսանքները հազարամյաների պատմություն ունեցով ջրանցքներով, այցելել պատմական վայրեր և համեղ իտալական խոհանոց ճաշակել: Վենետիկը գրավում է նորապսակներին իր յուրահատուկ հմայքով և մթնոլորտով, որտեղ յուրաքանչյուր անկյուն տոգորված է պատմությամբ։ Վենետիկ մեկնելը և մեղրամիս անցկացնելը զույգի համար կարժենա մոտավորապես 1900 դոլար, որում ներառված են սնունդը, ավիատոմսը և հյուրանոցը:

Եվ իհարկե,  Ֆրանսիա՝ Փարիզ։ Ամենառոմանտիկ սիրո քաղաքը, որը միշտ պահպանում է լիդերությունը մեղրամսի լավագույն ուղղությունների ցանկում։ Փարիզում զույգը կարող է զբոսնել Սենա գետի ափերով, այցելել Էյֆելյան աշտարակ և ռոմանտիկ ընթրիք ունենալ փարիզյան սրճարաններում, որոնք յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում: Փարիզում մեղրամիս անցկացնելը զույգի համար կարժենա 2000 դոլար, որի մեջ ներառված են ավիատոմսը, վիզայի աջակցությունը, հյուրանոցը՝ նախաճաշի հետ միասին և բժկական ապահովագրությունը։

Չենք կարող չնշել, որ վերջին տարիներին նորապսակների համար նախընտրելի ուղղություն է դարձել նաև Մոնտենեգրոն, քանի որ Մոնտենեգրո մեկնելու համար վիզա պետք չէ (ամռան ամիսներին), իսկ փաթեթը երկու հոգու համար, ավիատոմսով և սնունդով կարժենա, 1700 եվրոյից սկսած։

Թերևս, նշված ցանկում ամենամատչելի ուղղությունը Կիպրոսն է, օրինակ, Այա Նապա քաղաքում երկու հոգու հանգիստը ավիատոմսերով, հյուրանոցով և նախաճաշով կարժենա 1200 եվրոյից սկսած։ 

Այսպիսով, նպատակակետի ընտրությունը կախված է նորապսակների նախասիրություններից, բյուջեից, բայց կարևորն այն է, որ այս վայրերից յուրաքանչյուրում նրանք կկարողանան անմոռանալի հիշողություններ ստեղծել իրենց համատեղ կյանքի մեկնարկի մասին:

 

Մարիաննա Արամյան