Արցախին օգնե՛ք այնպես, ինչպես պատկերացնում եք, բայց գոնե մի՛ վնասեք ու անգործություն մի՛ ցուցաբերեք․ Բեգլարյան

Արցախին օգնե՛ք այնպես, ինչպես պատկերացնում եք, բայց գոնե մի՛ վնասեք ու անգործություն մի՛ ցուցաբերեք․ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ երևանաբնակ ընկերներ և հատկապես արցախցիներ,

Երևանում այսօր հերթական հավաքն է տեղի ունենալու՝ ի պաշտպանություն Արցախի: Խնդրում ու հորդորում եմ ակտիվորեն մասնակցել այդ և բոլոր այն հավաքներին, որոնք նպատակ ունեն հայ ժողովրդի ձայնը բարձրացնելու Արցախի համար, կանխելու վերահաս աղետը:

Հավաքը տեղի կունենա այսօր, ժամը 19:00-ին, Երևանի Ա.Մյասնիկյանի անվան հրապարակում:

Այս փուլում բոլորիս գործողությունները Հայրենիքում ու Սփյուռքում պետք է ուղղված լինեն շրջափակումը վերացնելուն, միջազգային անհատական ու հավաքական ճնշմամբ Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպելուն, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն միտված ՀՀ հետագա գործողությունները կանխելուն, միջազգային լրատվամիջոցների ու կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելուն:

Ամենահեշտը, բայցև ամենասխալը անգործությունն է, որը շատերը ցուցաբերում են բազում պատճառներով ու պատճառաբանություններով՝ անօգնականությունից մինչև Արցախի իշխանությունների հանդեպ անվստահություն: Արցախին օգնե՛ք այնպես, ինչպես պատկերացնում եք, բայց գոնե մի՛ վնասեք ու անգործություն մի՛ ցուցաբերեք»։