Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին, Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանը օրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաեւ նախարարական կազմը եւ վեց նախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։
Չնայած դրան, ըստ կուլիսային խոսակցությունների, Փաշինյանը որոշել է նրանցից ոմանց այլ պաշտոններ տալ։ Կառավարությունից դուրս, հրաժարականների երթը հասավ նաեւ Ազգային ժողով, եւ իր մանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար, քանի որ շատ դժգոհություններ կան նաեւ Անահիտ Ավանեսյանից։ Դե ինչ, սպասենք փաշինյանական նոր սցենարների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում:
Սկսենք սկզբից. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել:
Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ, բայց Աղազարյանը համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի պահանջը: Նոյեմբերի 19-ին՝ երեքշաբթի օրը կայացած ՔՊ վարչության նիստին, Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումն արդեն արձանագրվել է վարչության անդամների միաձայն որոշմամբ, բայց Հովիկ Աղազարյանը համառում է, ու մի բան էլ ինքն է վարչության անդամներին ճնշում, թե իրեն չեն կարող ստիպել մանդատը վայր դնել, այլ կարող են ընդամենը հորդորել:
Ավելին՝ Հովիկ Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ՝ պահանջելով հրապարակել որոշումը, որպեսզի ինքը «մտածի» մանդատը վայր դնելու մասին:
ՔՊ վարչության անդամներն էլ, կարծես, անհարմար դրության մեջ են. քար լռություն են պահում եւ չեն հրապարակում կուսակցության վերնախավի որոշումը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց վարչության անդամներից պարզել՝ ինչո՞ւ չեն հրապարակում Աղազարյանի մասով կայացված քաղաքական որոշումը, սակայն վարչության անդամները չեն պատասխանում մեր զանգերին:
Ավելի վաղ էլ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էին` մեկնաբանելու ոչինչ չունեն, թե Հովիկ Աղազարյանը երբ մանդատը վայր կդնի, կամ երբ կհանրայնացվի վարչության որոշումը:
Կարճ ասած՝ Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում»:
«Հրապարակը» գրում է․ Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանողներն ու մագիստրանտները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ: Կառավարության նիստում վարչապետի այն հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին:
Երեկ մեզ հետ կապվեցին բուհի մի խումբ ուսանողներ, որոնք տեղեկացրին, որ մինչ օրս չեն ստացել կրթաթոշակները։ Ըստ նրանց՝ համալսարանի ղեկավարությունը պատշաճ պարզաբանում չի տալիս, իրենք պատրաստվում են դիմել վարչապետին, քանի որ նա նախօրեի նիստում հայտարարել է, որ այսուհետ ժամկետների խախտման համար պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն: Ի՞նչ տարբերություն` ոլորտն ուժայի՞ն է, թե՞ կրթական»