Ադրբեջանցի մարդասպանին կուղարկե՞ն ՀՀ, թե՞ տուն. ո՞ր ճանապարհը կընտրի ՌԴ-ն  (լուսանկար)

Ադրբեջանցի մարդասպանին կուղարկե՞ն ՀՀ, թե՞ տուն. ո՞ր ճանապարհը կընտրի ՌԴ-ն  (լուսանկար)

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի մարդասպան քյամալ զեյնալին: Վերջինս ադրբեջանցի այն տականքներից մեկն է, որ 44-օրյա պատերազմի օրերին տանջամահ էր անում հայերին, տեսանկարում դա, ապա տարածում թշնամի երկրի սոցցանցերում՝ իր նման արնախումների կարիքները բավարարելու համար:

Կոնկրետ այս տականքը հայտնի դարձավ նրանով, որ հայ տարեց մի տղամարդու էր կտտանքների ենթարկում՝ պարանոցը կտրեց, ապա մասնատեց մարմինը: Այս ամենը ուղեկցվում էր ծիծաղով, խինդ-ուրախությամբ, և այս սարսափազդու կադրերը գուցե մինչև հիմա էլ համացանցում հասանելի են:

Նշվում է, որ տականքին ձերբակալել են ՀՀ գլխավոր դատախազության պահանջով: Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ ՌԴ-ն նրան կարտահանձնի Հայաստանին, որպեսզի վերջինս կոնկրետ պատիժ կրի:

MediaHub-ին դատախազությունից փոխանցեցին ընդամենը այսքանը. «Դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում»:

Մինչ մեր դատախազությունը ասելիք չունի, Ադրբեջանը խառնվել է իրար: Մասնավորապես, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, թե «Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում քամիլ զեյնալիի կալանավորման հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է»:

Մինչդեռ փորձագիտական տիրույթում արդեն իսկ կանխատեսում են, որ նույնիսկ եթե մարդասպան զեյնալիին արտահանձնեն Հայաստան, Փաշինյանը նրան էլ կհանձնի Բաքվին, ինչպես, օրինակ, մեկ տասնամյակ առաջ Հունգարիան՝ այդ ժողովրդավար եվրոպական երկիրը, համաձայնության գալով Ալիևի ռեժիմի հետ, արտահանձնեց ռամիլ սաֆարովին, որը սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Ի դեպ, երկու օր առաջ լրացավ Գուրգեն Մարգարյանի սպանության քսաներորդ տարելիցը...
Բայց ի՞նչ պատճառաբանությամբ զեյնալիին Փաշինյանը կվերադարձնի հայրենիք, որտեղ նա կհերոսացվի, կարժանանա պետական բարձր կոչումների, նյութական բարիքների... սպասենք:

Ինչպես ցույց է տվել մեր նորօրյա իրողությունը, Փաշինյանը մեծ ջանքեր չի էլ գործադրում, որպեսզի բացատրի, թե ինչու է այդքան միակողմանի զիջումների գնում Ալիևի հետ հարաբերություններում:

Կա զարգացումների մեկ այլ տարբերակ ևս՝ ՌԴ-ն ուղղակի չի արտահանձնի զեյնալիին մեզ, անկախ նրանից, որ ՀՀ դատախազության պահանջով է վերջինս ձերբակալվել: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների մեղմ ասած վատ վիճակը, Փաշինյանի մյունխենյան հակառուսական շեշտադրումներով հերթական հայտարարությունները՝ Մոսկվան, թերևս, գերադասի որդեգրել Հունգարիայի քաղաքականությունը՝ մարդասպանի դիմաց հերթական պրեֆերենցիաները ստանալու ակնկալիքով: Իսկ այդպիսիք, ինչպես գիտենք, շատ են: Ու ավելի նախընտրելի, քան մազից կախված հարաբերությունները ՀՀ հետ: 

Լիա Խոջոյան