Փաշինյանը հայտնվեց իր լարած ծուղակում

Փաշինյանը հայտնվեց իր լարած ծուղակում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս պնդել է, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից: Ռուսաստանի արտգործնախարարը երկու անգամ է անդրադարձել Ալմա-Աթայի հռչակագրին և պնդել, թե երբ «բոլոր կողմերը հավանություն են տալիս դրան առանց որևէ վերապահման», կարգավիճակի հարցը ինքնաբերաբար դուրս է մնում օրակարգից: «Այս փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հայկական կողմը մեզ ասում է թող Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր առաջարկները, դա փոքր-ինչ այլ օպերայից է, բանակցություններ վարելու հետ կապ չունի»,- ասել է Լավրովը:

Ակնհայտորեն Լավրովը շրջանցում է Ադրբեջանի գործոնը, մասնավորապես՝ այն, որ հենց Բաքուն է առաջին հերթին մերժում Մոսկվայի առաջարկություններն՝ օգտվելով այն հանգամանքից, որ ուկրաինական պատերազմի հետևանքով տարածաշրջանում սահմանափակվել են Ռուսաստանի հնարավորությունները:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանին թիրախավորելը միանգամայն օբյեկտիվ է, եթե հիշենք այն հանգամանքը, որ Ալմա-Աթայի հռչակագրի թեզը շրջանառու դարձավ ու Պրահայում փաստաթղթավորվեց հենց Հայաստանի վարչապետի թեթև ձեռքով:

Իհարկե, սկզբնական փուլում Փաշինյանը Ալմա-Աթայի հռչակագրի թեզը մոգոնել էր ներքաղաքական նպատակներով, որպեսզի հիմնավորի որ ոչ թե ինքն է խայտառակ պատերազմով հանձնել Արցախը, այլ՝ «նախկինները», այն էլ՝ երեսուն տարի առաջ:

Փաշինյանն՝ իր գավառամիտ մտածողությամբ, չէր հաշվարկել, որ պետությունների ղեկավարների խոսքը «որսում» են ոչ միայն ներքին լսարանում, այլ նաև՝ միջազգային գործընկերները, թշնամիները:

Ինչևէ, վտանգավոր թեզը դարձավ Պրահայի փաստաթղթի առանցքային ձևակերպում, ինչի հետևանքով՝ Փաշինյանը վնասեց ոչ միայն հայկական շահերը, այլ հակադրվեց Ռուսաստանի տարածաշրջանային օրակարգին:

Հենց այս նպատակով Լավրովը «բացահայտեց» Փաշինյանին՝ վերջինիս դնելով այն թակարդի մեջ, որը փաստացի վարչապետը հյուսել էր իր ներքաղաքական մրցակիցների համար: