Եթե իսկապես բան չի եղել ու սա սարքած բան է, պետք է պատասխան տան ու կտան վաղ, թե ուշ․ Բաբայան

Եթե իսկապես բան չի եղել ու սա սարքած բան է, պետք է պատասխան տան ու կտան վաղ, թե ուշ․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այլընտրանքային խափանման միջոցները, հատկապես տնային կալանքը, ներմուծվեց, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում:

Դատարաններում կալանքի միջնորդությունները քննելիս որպես պաշտպան մշտապես պնդել եմ, որ դատարանը կալանք կիրառելիս պետք է շատ մանրամասնորեն պատճառաբանի, թե ինչպես է հանգում հետևության, որ տնային կալանքը չի կարող զսպել ռիսկերը և կալանք տալը պարզապես ծայրահեղ անհրաժեշտություն է:

Ցավոք դեռ չեմ հանդիպել որևէ դատական որոշման, որտեղ հարավոր լինի կարդալ այդպիսի անհրաժեշտ պատճառաբանություն: Գրեթե բոլոր դատավորները շատ կարճ արտագրում են օրենքում գրված՝ «այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն կանխելու ռիսկերը»:

Հատկապես կանանց դեպքերում դատարաններից պահանջել եմ էլ ավելի խորը վերլուծություն: Իսկ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց դեպքում պարզապես հանոզմունք եմ հայտնել, որ դատարանն իրավունք չունի կալանք կիրառել:

Փաստաբանական գործունեությանս ընթացքում առաջին կին կալանավորը Տաթևիկ Վիրաբյանն էր: Այդ որոշումն ինձ համար անմարդկային որոշում էր: Քչերը գիտեն, թե որքան ծանր եմ տարել երկու անչափահասների մայր Տաթևի կալանքի որոշումը: Բայց Տաթևն ուժեղ կին է և դա ինձ հույս էր տալիս: Հույսս իհարկե արդարացավ: Տաթևն իսկապես շատ ուժեղ մարդ է: Նրանից այդ առումով շատ բան կա սովորելու:

Միայն մեկ դեպքում կհասկանամ այդպիսի կալանքը, եթե այդ կինը սպանություն գործի և, միաժամանակ, սեփական երեխաների համար վտանգավոր լինի:

Կանանց դեպքում, հատկապես մանկահասակ երեխաներ ունեցող կանանց, միշտ համոզված պնդել եմ, որ կալանքը պետք է ընդհանրապես բացառել: Այս համոզմանն եմ մնում անկախ այն հանգամանքից, թե այդ կինն ում ազգականն է, ում կինն է: Ալեն Սիմոնյանն էլ բացառություն չի...

Նրա եղբոր կնոջը, մանկահասակ երեխաների մորը, երկու ամսով կալանավորելն անմարդկային որոշում է:

Հ.Գ. Եթե իսկապես բան չի եղել ու սա սարքած բան է, պետք է պատասխան տան ու կտան վաղ, թե ուշ...»։