Ծիլքար գյուղում անաչափահասը սեփական տանից գողություն է արել ու բռնվել․ մանրամասներ

Ծիլքար գյուղում անաչափահասը սեփական տանից գողություն է արել ու բռնվել․ մանրամասներ

Ապրիլի 1-ի երեկոյան Ծիլքար գյուղի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում տվեց բնակարանային գողության վերաբերյալ: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Դռան կախովի փականը վնասված չէր, բայց տունը մասամբ տակնուվրա էր արված: Ըստ տանտիրոջ` տան տարբեր տեղերից տարել էին մեկ ոսկյա մատանի, բջջային մեկ հեռախոս և 450 հազար դրամ: Ընդ որում, գումարը տարել էին ննջարանի պահարանի դարակից, որտեղ նախապես եղել էր 960 հազար դրամ, և մնացորդը տեղում էր: 

Ու թեև գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն շատ հանգամանքներ իրավապահներին հուշում էին, որ կատարվածը բնակարանային գողություն չէ: Եվ շուտով ստացվեց տեղեկություն, որ հափշտակությունը կատարել է տանտիրոջ անչափահաս որդին: Բացատրական աշխատանքից հետո նա ընդունեց մեղքը և հավելեց, որ թեև գիտեր մատանու, հեռախոսի և փողի տեղը, սակայն տան իրերը տակնուվրա էր արել` գողության պատրանք ստեղծելու համար:

Տղան ներկայացրել է նույն գյուղում գտնվող իրենց հին տան տանիքում թաքցրած գողոնն ամբողջությամբ:

Հանգամանքները պարզվում են:

`