Միրզոյանը՝ Սաֆարովի արտահանձնումից հետո Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այսօր ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց՝ նկատելով, որ ԵԱՀԿ նախարարական համաժողովից հետո Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ 

Բաքոյանն ընդգծեց, որ ՀՀ-ն Հունգարիայի հետ հարաբերությունները սառեցրել էր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանն իր դիրքորոշումը փոխել է։ 

Միրզոյանն ընդգծեց, որ իրենց գնահատականը նշված իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել։ 

«Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին, բայց նույն ժամանակ հիշում ենք նախորդ տարի Հունգարիայի ջանքերը՝ հինգ հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ, կորոնավիրուսի ժամանակ 100 000 պատվաստանյութ են տրամադրել»,-ասաց նա։ Բաքոյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ հանդիպումններ են տեղի ունեցել և ինչ արդյունքներ են արձանագրվել։

«Դժվար է 40 վայրկյանում ամբողջը ներկայացնել, բայց կարող եք վստահ լինել, որ մեր օրակարգը մեկն է՝ մեր գործընկերներին ներկայացնել այն մարտահրավերները, որոնք մենք ունենք այստեղ տարածաշրջանում, արտաքին քաղաքական մարտահրավերները, կիսվել դրական զարգացումներով, եթե կան»,-ասաց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում