Արթուր Դավթյանը հեռանում է, փոխարինողներն ակտիվանում են

Hraparak.am-ը գրում է․
Վերջին օրերին հանրային կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը ՀՀ դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի հակասություններն ու փոխադարձ մեղադրանքներն էին, որոնք հնչեցին հրապարակավ՝ ի ցույց դնելով, թե ինչքան է պառակտված նաեւ իշխանական իրավապահ դաշտը։ Ապա հայտնի դարձավ, որ հակասություններ կան դատախազության եւ մյուս կառույցների, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի միջեւ։ Հետո գլխավոր դատախազը հայտարարեց, որ պետք է ուսումնասիրեն, թե ինչպես է արգելանքից հանվել եւ վաճառվել Հովիկ Աբրահամյանի դղյակը, Հակակոռուպցիոն կոմիտեն պատասխանեց։ Ապա դատախազությունը սկսեց հաղորդագրություններ տարածել, որտեղ ներկայացնում էր, թե ինչ աշխատանքներ է կատարել, ինչ հաջողությունների է հասել եւ ինչքան փող է հետ վերադարձրել պետբյուջե։
Այս պահվածքից հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարապի երգն է երգում՝ նա շուտով հրաժեշտ է տալու աթոռին, քանի որ պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, եւ նոր պաշտոնի հույսեր, թերեւս, չի կարող փայփայել։ Այժմ իշխանությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին փոխարինող է փնտրում, թեկնածուների, ինքնառաջադրվողների պակաս չկա, սակայն կառավարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընտրել իր սրտի նոր դատախազին։ Հիշեցնենք․ 2022 թվականի սեպտեմբերին լրանում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը։
Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազ էր նշանակվել 2016 թ. սեպտեմբերի կեսերին եւ այն քիչ պաշտոնյաներից է, որ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո պաշտպանեց իր պաշտոնը, դարձավ հեղափոխական Փաշինյանի սրտի դատախազը՝ հլու-հնազանդ կատարելով նրա բոլոր հրահանգները եւ դեմ դուրս գալով իրեն նշանակած նախկիններին ու նրանց դեմ անթիվ գործեր հարուցելով։
Դատախազության մասին օրենքով՝ ՀՀ գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է խորհրդարանի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։ Գլխավոր դատախազ կարող է ընտրվել 35 տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Այսինքն՝ բարձրագույն կրթությամբ յուրաքանչյուր իրավաբան, որը տասը տարվա մասնագիտական ստաժ ունի, կարող է հավակնել այս պաշտոնին։
Դատախազության համակարգում էլ խոսում են, թե Դավթյանի մոտալուտ հեռացումն է պատճառը, որ նա տեւական ժամանակ է՝ հայտնվել է տարբեր գերատեսչությունների քննադատությունների թիրախում։ «Այդ պաշտոնի վրա աչք ունեցողներն են փորձում ինքնադրսեւորվել, ինքնառաջադրվել»,- ասաց դատախազության մեր աղբյուրը։
Որոշ հավաստի տեղեկություններով, գլխավոր դատախազ դառնալու երազանք ունի ՀՔԾ նախկին ղեկավար, այժմ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Սասուն Խաչատրյանը։ Նա, ճիշտ է, չի փայլում իրավական գրագիտությամբ եւ պարկեշտությամբ, բայց կարծում է, որ այնքան ծառայություններ է մատուցել այս տարիներին Նիկոլ Փաշինյանին, որ լիարժեք իրավունք ունի հավակնելու գլխավոր դատախազի պաշտոնին։
Փաշինյանի սրտի թեկնածուն, սակայն, ասում են, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն է։ Վերջինիս Նիկոլ Փաշինյանն աճեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար։ Այդ նպատակով էլ մեկ տարի առաջ, դեռեւս Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմոնյանին անցած տարի հենց այս օրերին Փաշինյանը նախ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակեց, ապա, մի քանի օր անց՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Սակայն Սիմոնյանի դեպքում տարիքային խնդիր կա, նա 33 տարեկան է՝ երկու տարի պակասում է։ Իհարկե, այս իշխանության համար դա մեծ խնդիր չէ, կարող են մի քանի օրում սահմանադրական օրենքը փոխել եւ հարմարեցել իրենց թեկնածուին։
Ի դեպ, գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նրա 65 տարին լրանալու, ՀՀ քաղաքացիությունը կորցնելու, նրա նկատմամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության, ԱԺ հրաժարականի դիմում ներկայացնելու, ինչպես նաեւ ծանր հիվանդության, դատախազի վարքագծի կանոնների խախտման դեպքերում` ԱԺ ձայների 3/5-ով։