Ռիսկեր, սպասելիքներ, նոր մարտահրավերներ ՀՀ-ՌԴ հարաբերություններում. հայացք Երևանից և Մոսկվայից

Ռիսկեր, սպասելիքներ, նոր մարտահրավերներ ՀՀ-ՌԴ հարաբերություններում. հայացք Երևանից և Մոսկվայից

Հայ-ռուսական հարաբերությունները 2023թ-ին բավականին մեծ ճգնաժամ ապրեցին: Ինչպիսի՞ն էր տարին. MediaHub-ի հետ զրույցում  «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը և ՌԴ ԱԳՆ ՄՀՊԻ (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ИМИ) առաջատար գիտաշխատող, Միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը ներկայացրեցին իրենց վերլուծությունները:   

Ռազմական բլոկ

Սերգեյ Մելքոնյան. Որքան էլ տարօրինակ չհնչի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն ու ռազմատեխնիկական համագործակցությունը ամենաակտիվներից էր՝ շփումների առումով։ Հարցի վրա ուշադրությունը կենտրոնացված էր երկու կողմերից։ Օրակարգում երկու տարբերակ-վարկած է. առաջին վարկածն այն է, որ Ռուսաստանը չկարողացավ կատարել պայմանագրով նախատեսված զենք մատակարարելու իր պարտավորությունը։ Երկրորդ վարկածն այն է, որ հայկական կողմն  այնպես է պայմանագիր կնքել, որ ինքն է պարտավոր մատակարարել այդ զենքերը։ Իսկ հիմա, ընդհանուր առմամբ, այդ զինատեսակները չկան և փաստը մնում է փաստ, որ Ռուսաստանը չկարողացավ մատակարարել պայմանագրով նախատեսված անհրաժեշտ զինատեսակները, ուստի Հայաստանը շարունակեց իր դիվերսիֆիկացիան. եթե նախկինում բացառապես Հնդկաստանն էր, ապա այժմ հայտնվում են նոր գործընկերներ՝ առաջին հերթին Ֆրանսիան և Եվրամիությունը, և կոնկրետ Ֆրանսիայի հետ զարգանում է և՛ ռազմատեխնիկական, և՛ ռազմական համագործակցությունը։ 

Նիկոլայ Սիլաև. Հիմնական նեգատիվն այն է, որ Հայաստանը հեռվանում է ՀԱՊԿ-ից և ակտիվ ցույց տալիս, որ կասկածի տակ է դնում հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունների շարունակության անհրաժեշտությունը: Եվ սա ամենակարևորն է, որը կցանկանայի նշել, ամփոփելով 2023թ-ը։ 

Մենք լսում էինք ՀՀ իշխանության կողմից բազմաթիվ հայտարարություններ, տեսնում հանդիպումներ ու շրջագայություններ, լայնածավալ հակառուսական տեղեկատվական արշավ պետական և իշխանամետ լրատվամիջոցներում։ Միաժամանակ, Երևանը ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների դադարեցման հարց չի դնում։ Այսպիսով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական նպատակը դժվար է հասկանալ։  

Տնտեսական բլոկ

Սերգեյ Մելքոնյան. Տնտեսական բլոկն այս տարի ամենաարդյունավետներից մեկն էր: Դեռ տվյալներ չկան, բայց ցուցանիշը հավանաբար կանցնի վեց միլիարդի շեմը։ ՌԴ հետ համագործակցության համատեքստում Հայաստանի համար առաջնային է դառնում տնտեսական ուղղությունը, բայց այստեղ իսկապես այլընտրանք չկա։ Ռուսաստանը Հայաստանի համար դառնում է ավելի կարևոր գործընկեր առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում. սա ոչ միայն ապրանքաշրջանառությունն է, այլև զբոսաշրջիկներն ու օտարերկրյա ուղղակի ներդրումները։
Այսինքն՝ Հայաստանը փորձում է պատկերացնել, որ տնտեսությունն անջատ է անվտանգությունից և քաղաքականությունից, բայց իրականում այդպես չէ, հատկապես, եթե խոսքը դաշնակցային հարաբերությունների մասին է և ՌԴ-ն երրորդ կողմի գործընկեր չի կարող լինել, ինչպես, օրինակ, Հնդկաստանը, որից կարող ես զենք գնել, բայց մնացած հարցերով կարող ես ընդհանրապես չզբաղվել ու անտեսել հարցերը, չաջակցել  միջազգային հարթակներում և այլն։ Դաշնակցային հարաբերությունների մեջ բոլորը հաղորդակցվող անոթներ են, բայց ՀՀ իշխանության  տեսանկյունից՝ դրանք  բոլորն ընդհանրապես առանձին սափորներ են և հենց այստեղ էլ, մեղմ ասած, հակասություն է առաջանում։ 

Նիկոլայ Սիլաև. ԵԱՏՄ-ն մի այնպիսի կառույց է, որից շահում են բոլորը։ Ես չեմ ասի, որ ԵԱՏՄ-ն օգնություն է, պարզապես Հայաստանը, ինչպես և մյուս անդամները, շահում են ու Հայաստանն ինքնուրույն կարողանում է մեծացնել իր թվերը։  Տպավորություն է ստեղծվում, որ Երևանը ձգտում է խզել քաղաքական կապերն ու դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ ցանկանում է պահպանել տնտեսական փոխգործակցության բարձր մակարդակ ու ես չեմ հասկանում, թե ինչպես է դա հնարավոր։

ՀԱՊԿ 

Սերգեյ Մելքոնյան. Հայաստանը քաղաքական գնահատական էր պահանջում ՀԱՊԿ-ից՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի գտնվելու մասով։ Ռուսական կողմը ներկայացնում էր այն, որ  քաղաքական հայտարարությանը դժվար կլինի հասնել ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ շատ պետություններ սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ և առաջարկեց առաքելություն ոււղարկել, սակայն ՀՀ իշխանությունները առաջնային էին համարում հայտարարությունը, քան անվտանգության երաշխիքները։ 

Ամենակարեւոր փոփոխությունը ՀՀ տեսակետն էր այն մասին, որ օրակարգից դուրս հայտարարվեց ՀՀ խաղաղապահ առաքելություն ուղարկելու հարցը։ Եթե ավելի վաղ ռուսական կողմն իրեն և մյուսներին վստահեցնում էր, որ հարցը դեռ օրակարգում է, պատրաստ են վերադառնալ դրան և քննարկել այն, սպասում են հայկական կողմից արձագանքի, ապա Հայաստանն ուղղակի օրակարգից հանեց հարցը և այդպես ամեն ինչ գնաց ԵՄ դիտորդական առաքելության դերը մեծացնելու ուղղությամբ։

Նիկոլայ Սիլաև. ՀԱՊԿ-ի մասով կրկին կասեմ, որ Հայաստանը հրաժարվեց ընդունել առաքելությունն ու դրա փոխարեն ցուցադրական հրավիրեց ու ընդունեց, լրիվ անիմաստ ԵՄ առաքելությունը։ Հոկտեմբերին Փաշինյանը չներկայացավ Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ բաց թողեց Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը, բայց նա ժամանակ է գտել հանդիպելու արևմտյան առաջնորդների հետ  Գրանադայում, ինչպես նաև ելույթ է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է ավելի մոտ լինել Եվրամիությանը, որքան հնարավոր է համարում Եվրամիությունը։ Մնում է միայն հուսալ, որ հաջորդ տարի համագործակցությունն ուրիշ ձև կընթանա։  

Հռոմի ստատուտ 

Սերգեյ Մելքոնյան
. Ի՞նչ կա այստեղ քննարկելու, Հայաստանը ընտրություն է կատարել հօգուտ մի գործիքի, որը ոչ մի լրացուցիչ լծակ չի տալիս Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, բայց միաժամանակ բացասական հետևանքներ է պարունակում Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ իրավական մեխանիզմները չեն գործում։ Մեր դատարանը որոշեց, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, իսկ Ադրբեջանը պարզապես գրողի ծոցն ուղղարկեց այդ հայտարարությունը։ Այս քայլը ՀՀ իշխանությունների կողմից դեռ կարմիր գծի փորձարկում էր, և մենք տեսանք, որ կարծես ոչինչ չէր հետևում, բացի հայտարարությունների մակարդակից, քանի որ իրականում ՌԴ համար կրիտիկական ոչինչ չկար։  

Ողջ աղետի ֆոնին, Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը պարզապես ոչինչ է այն բանի համեմատ, ինչ Բաքուն արեց Ռուսաստանին։ 

Նիկոլայ Սիլաև. Ես անկեղծ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է վավերացվել Հռոմի ստատուտը Հայաստանի կողմից, ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ քայլը, քանի որ բացի ավելորդ լարվածությունից առանց այդ էլ լարված հարաբերություններում այդ քայլը ոչինչ չի տա Հայաստանին։ Հռոմի ստատուտի վավերացման մասին ավելորդ անգամ չեմ ցանկանում խոսել, քանի որ ՌԴ-ն դա համարում է ծայրահեղ ոչ բարեկամական քայլ: Ու ինչպե՞ս կարելի է այդ կառույցին լուրջ վերաբերվել ՌԴ-ի դեմ ընդունված որոշումներից հետո։ 

Ռիսկեր 

Սերգեյ Մելքոնյան. Ռիսկերը բավականին մեծ են։ Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու կտրուկ հարց կլինի, առավել ևս, որ դրանում գործնականություն չկա, նույնը վերաբերում է ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին՝ հաշվի առնելով այն տնտեսական փուչիկի աճող թվերը, որով պարծենում է գործող իշխանությունը: Եթե չլինեին վերաարտահանումը, ռուս  ռելոկանտները, ապա այս առասպելական թվերը չէին լինի տնտեսության մեջ և Արցախի հանձնման ֆոնին պարծենալու բան չէր լինի։ Հայաստանը կփորձի իր համար օգտագործել այս իրավիճակը ռազմական հարաբերությունների մեջ՝ դեպի Արևմուտք շրջադարձն ավելի լայն իրականացնելու համար, քանի որ  ՀՀ իշխանուությունը փնտրում է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ու այդ երաշխիքները Ռուսաստանի հետ շահերի բախման մեջ են, և դա կարևոր է ընդգծել։  

Ամենամեծ ռիսկերից մեկն ինձ համար  խաղաղության համաձայնագրի ստորագրումն է և այստեղ հարց է, թե Ռուսաստանը որքանո՞վ կմասնակցի այդ համաձայնագրին. ռուսական ներկայությունը կլինի՞ հաղորդակցության մեջ, արդյոք Ռուսաստանը տեղում և գետնի վրա կմասնակցի, օրինակ՝ անցակետերի ստեղծմանը, դրանց համատեղ վերահսկողությանը, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին և այլն: Այս ամենը մեծ հարց է։

Նիկոլայ Սիլաև. Ռիսկերից ամենամեծն այն է, որ Հայաստանը շարունակի հարաբերությունները խզելու այս միտումը։ Իրականում, դեկտեմբերի վերջին Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելը շատ կարևոր և խորհրդանշական քայլ էր և այն ցույց է տալիս, որ Հայաստանում, ամեն դեպքում, կարող  է տեղի ունենալ քաղաքական կուրսի վերանայում, սակայն դեռ ոչ մի նախադրյալներ չեմ տեսնում։  Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ազդեցությանը հայ-ռուսական հարաբերությունների վրա, ապա դա պարզ կլինի միայն այն բանից հետո, թե որտե՞ղ և ո՞ր հարթակում այն կստորագրվի ու ինչ պայմաններով։

Մարիա Զարգարյան