Երևանում 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան․ նոր ծրագիր՝ ԿԳՄՍՆ–ից

Երևանում 1-4 դասարանների աշակերտներն անվճար սնունդ կստանան․ նոր ծրագիր՝ ԿԳՄՍՆ–ից

Որոշ մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվում է անվճար սնունդ։

MediaHub-ի տեղեկություններով՝ հաջորդ ուսումնական տարում այդ նախագիծը պիլոտային կերպով կներդրվի նաև Երևանի որոշ դպրոցներում։  

Մեզ դիմած քաղաքացին հայտնեց, որ նման լուրեր է լսել և եթե դա իսկապես այդպես է, ապա դա շատ ուրախալի է ծնողների համար:

«Շատ լավ կլինի, որ այդ ծրագիրն աշխատի նաև Երևանի դպրոցներում, բավականին գումար է ծախսվում բուֆետներից օգտվելու համար։ Կցանկանայինք, որ ինչպես մարզերում, այդպես էլ Երևանում այդպես լիներ, ի վերջո՝ ինչո՞վ են տարբերվում, երեխան երեխա է։ Ամեն դեպքում սպասում ենք, որ մյուս տարի դա աշխատի բոլոր դպրոցներում՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում»,– նշեց ծնողը։

MediaHub-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին, հասկանալու՝ արդյո՞ք նման ծրագրեր ունեն և Երևանում էլ որոշ դպրոցների աշակերտներ կօգտվեն բուֆետներում անվճար տրամադրվող սնունդից։ Սակայն, քաղաքապետարանից ուղղորդեցին դիմել ԿԳՄՍՆ–ին։

ԿԳՄՍ նախարարի խոսնակ Նելլի Վահանյանը լավ լուր հայտնեց Երևանի դպրոցականների և նրանց ծնողների համար: «Դպրոցական սննդի ծրագիրը ներկայումս գործում է բոլոր մարզերում՝ ընդգրկելով 1-4-րդ դասարանների աշակերտներին։ 2026 թվականից ծրագիրը նախատեսվում է գործարկել նաև Երևանում, և նախարարությունն այս պահին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու դրա արդյունավետ ներդրումը»,– նշեց Վահանյանը։

Մարիաննա Արամյան