Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ 30-ամյա Նարեկ Մ.-ն, և քաղաքացիները։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։