Եվ այո՛, Ջեյհուն Բայրամովը ճիշտ է ասում

Եվ այո՛, Ջեյհուն Բայրամովը ճիշտ է ասում

Հայկական կողմը տեղեկացվել է սեպտեմբերյան գործողությունների մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Նա ասել է, թե հայկական կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված այսպես կոչված հակաահաբեկչական միջոցառումների մասին:

Այս հարցի վերաբերյալ պարզաբանում Արցախի նախագահից այսօր հնարավոր չեղավ ստանալ, փոխարենը MediaHub-ը նորից լսեց Սամվել Շահրամանյանի հոկտեմբերի 28-ի հարցազրույցը, ով անդրադարձել էր նաև սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած գործողություններին, ինչպես նաև Արցախի իշխանությունների պատասխան գործողություններին։ 

Եվ այո՝ Ջեյհուն Բայրամովը ճիշտ է ասում. «Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես եղել եմ ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, հանդիպել զորակազմի հրամանատարի հետ և առաջին ազդակը, որ հնարավոր է սկսվի ռազմական գործողություններ, եղել է այն, որ մեր Շուշիի ներքևում գտնվող տանկ-հուշարձանի մոտ կա 2 հենակետ՝ ռուսական և ադրբեջանական։ Եվ ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցրեք անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին»։ 

Շահրամանյանն այս հարցազրույցում ասում է, որ ռուս խաղաղապահները տեղյակ են եղել դրա մասին և որոշ ճշտումներից հետո հաստատվել է, այսինքն՝ չի բացառվել գործողությունների սկսումը։ «Ինձ համար ևս պարզ է եղել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է վերսկսվի ռազմական գործողությունները»,- նշել է Արցախի նախագահը։ 

Նա նաև ընդգծել է, որ զինված ուժերն ու ուժային մյուս կառույցները բերվել են մարտական բարձր աստիճանի, տրվել են համապատասխան հրահանգներ․ «Իմ աշխատասենյակ բարձրանալուց կես ժամ անց, սկսվել է ռազմական գործողությունները»։

Հարցին, թե ի՞նչ են արել խաղաղապահ առաքելությամբ Արցախում գտնվող ռուսները, Շահրամանյանն ասել է. «Դիտորդի կարգավիճակում էին գտնվում։ Հենց այդ գործողությունների առաջին օրը հասկացա, որ մենք մենակ ենք»։ 

Փաստացի, Արցախի իշխանությունները՝ ի դեմս նախագահի, տեղյակ են եղել ադրբեջանական այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն» օպերացիայից։ Այն կանգնեցնելու գործուն քայլ փորձել են անել, բայց հնարավոր չի եղել, քանի որ Ադրբեջանը հստակ նպատակներ ուներ, որը պետք է իրականացներ պատերազմի միջոցով։