Ֆրանսիան մտադիր է միջուկային զենքով ինքնաթիռները Ռուսաստանի սահմանին ավելի մոտ տեղակայել

Ֆրանսիան դիտարկում է Գերմանիայում միջուկային հզորությամբ իր ռազմական ինքնաթիռները տեղակայելու հնարավորությունը, որպեսզի ուժեղացնի Եվրոպայի զսպող ուժը: Այս մասին հայտնել է «The Telegraph»-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում քննարկումները։
Նման քայլը կարող է պատասխան լինել տարածաշրջանից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերմանը, ինչը կասկածի տակ կդնի ՆԱՏՕ-ի ներկայիս անվտանգությունը Եվրոպայում: Փարիզի նախաձեռնությունն ուղղված է փոխհատուցելու ամերիկյան ռազմական ներկայության հնարավոր կրճատմանը և աճող սպառնալիքների պայմաններում ռազմավարական հավասարակշռության պահպանմանը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական իշխանությունները այս նախագիծը տեսնում են որպես սեփական պաշտպանության հարցում Եվրոպայի դերի ամրապնդման միջոց, հատկապես ԱՄՆ-ի քաղաքականության հետ կապված անորոշության համատեքստում։
Խոսքը վերաբերում է «եվրոպական զսպման եզրագծի» ստեղծմանը, որտեղ Ֆրանսիայի միջուկային ուժերը կարող են դառնալ առանցքային տարր: Գերմանիայում տեղակայված միջուկային զենքը թույլ կտա Փարիզին արագ արձագանքել մարտահրավերներին ու ցույց տալ իր պատրաստակամությունը պաշտպանելու իր դաշնակիցներին:
Ծրագիրն ընդգծում է Ֆրանսիայի ցանկությունը՝ ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն աշխարհամասի անվտանգության համար, եթե Վաշինգտոնը որոշի նվազեցնել իր պարտավորությունները: