Փաշինյանի կարևոր բացահայտումը․ Արցախի անկախության հարցը դուրս եկավ օրակարգից

Փաշինյանի կարևոր բացահայտումը․ Արցախի անկախության հարցը դուրս եկավ օրակարգից

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ծավալուն ելույթի ընդամենը երկու դրվագ լիովին բացահայտում են նրա մոտեցումները ԼՂ խնդրի, Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ, կարող ենք փաստել, որ Արցախի անկախության թեման այլևս դուրս է պաշտոնական Երևանի օրակարգից։
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», - Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ « Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։

Վարչապետն արձանագրել է նաև մի շատ էական նրբություն․ «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»։

Նիկոլ Փաշինյանը գուցե օբյեկտիվ է նկարագրում իրավիճակը, բայց անհրաժեշտ է բացահայտել Հայաստանի օրակարգը։ Պաշտոնական Երևանը գնում է խաղաղության բազմափո՞ւլ գործընթացի, որի առաջին փուլում առկախվում է Արցախի կարգավիճակի հարցը` մինչև հայերի ու ադրբեջանցիների միջև ձեւավորվի վստահության միջավայր, թե՞ Արցախի կարգավիճակը հստակեցվում է հիմա: Սա շատ սկզբունքային հարց է` հենց արցախահայության անվտանգության պաշտպանության տեսանկյունից։ Իհարկե, պաշտոնական Երևանը պետք է օբյեկտիվորեն հրաժարվի Արցախի անկախության պահանջը` որպես նախապայման դիտարկելու անիրական օրակարգից, բայց պարտավոր է գործուն օրակարգ ունենալ` արցախահայության անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը երաշխավորված դարձնելու հարցում։ Հակառակ պարագայում՝ խոսքը ոչ թե խաղաղության գործընթացի, այլ միակողմանի զիջումների մասին է։

Վահրամ Բագրատյան