Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։

«Հրապարակ» թերթը գրում է․

Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով։ Մեր տեղեկություններով, ժամը 9։00-ին նախատեսված է մասնակիցների գրանցումը, իսկ դա նշանակում է, որ առավոտյան ժամը 8-ից ՔՊ-ականներն արդեն պետք է տեղում լինեն։

«Հրապարակ» թերթը գրում է․

Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է sms ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ»։

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ Հոկտեմբերի 27-ի տարելիցն էր, բոլորը կրկին խոսում էին այդ ահաբեկչության, կազմակերպիչների մասով բացահայտման, վերաբացված գործի քննության մասին։ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, հայտարարել է, որ «գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեքությունից», եւ նշել, որ «գործն ունի արտաքին քաղաքական հետք»։ Նա կրկին խոսել է Մեղրիի տարբերակի մասին՝ դա կապելով արտաքին հետքի՝ Ռուսաստանի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաղը՝ հոկտեմբերի 29-ին, համաժողով կգումարի։ Նկատենք՝ ի սկզբանե համաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն հետաձգվեց Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացված հարձակման պատճառով. այն տեղի կունենա վաղը: Ինչպես հայտնի է, համաժողովի ընթացքում նախատեսված է ընտրել վարչության նոր կազմ, որն էլ կընտրի նախագահ: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի: Այս ընթացքում դեռ ոչ մի պետական կառույց չի խոսել, թե որքան գումար է ծախսվելու պետական բյուջեից այդ մրցույթի անցկացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ 

Փաշինյանի իշխանությունը, որ պատեհ ու անպատեհ առիթներով հաճախ է մետրոյի նոր կայարան կառուցելու մասին խոսում, այդպես էլ ժամկետ չի հայտնում, թե նոր կայարանն ի վերջո երբ պատրաստ կլինի։

Վերոնշյալ խոստումը նա 2017-ի մայիսի 5-ին է տվել, բայց խոստումը՝ խոստում, իսկ փաստն այն է, որ դրանից ավելի քան 5 տարի անց ոչ միայն քաղաքային, այլ նաեւ ամբողջ երկրի իշխանությունն է իր ու իր քաղաքական թիմի ձեռքում, սակայն երեւանյան մետրոպոլիտենում որեւէ նոր կայարան չի բացվել։ Փաշինյանը նորի՛ց է խաբել։

«Հրապարակ» թերթը գրում է․

«Առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնական Թ․ Հ․-ին կալանավորելու վերաբերյալ դատավոր Դավիթ Արղամանյանի կայացրած որոշումը բողոքարկվել է, սակայն դեռ չի քննվել, նույնիսկ դեռ մակագրված էլ չէ որեւէ դատավորի։ Այս մասին մեզ ասաց Թ․ Հ․-ի պաշտպան Գարիկ Գալիկյանը։

Գալիկյանին հարցրինք՝ այս ընթացքում շփումներ ունեցե՞լ է իր պաշտպանյալի հետ, հոգեբանական ի՞ նչ վիճակում է՝ ամեն դեպքում, խոսքը 22-ամյա աղջկա մասին է։ «Շատ նորմալ, բացարձակ որեւէ ընկճվածություն չունի»,- պատասխանեց Գալիկյանը։