Իշխանությունը ցավակցում է Թուրքիային ու անտեսում սեփական ժողովրդի ցավը. հին ու նոր Հայաստանի տարբերությունը

Իշխանությունը ցավակցում է Թուրքիային ու անտեսում սեփական ժողովրդի ցավը. հին ու նոր Հայաստանի տարբերությունը

Նոյեմբերի 9-ին Հայաստանը ցնցվեց Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության լուրից. սեփական տանը սպանվել են 31-ամյա մայրն ու անչափահաս երեխաները: Այսօր ՔԿ-ն հաստատեց՝ 12-ամյա աղջկա նկատմամբ նաև սեռական ոտնձգություն է կատարվել:

Վերջին օրերին դաժանորեն կատարված սպանության մասին տարատեսակ վարկածներ են շրջանառվում, մանրամասների նկարագրություններ տարածվում, անուններ հնչում... MediaHub-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն այսօր հայտնեց, որ այս պահի դրությամբ կա երկու ձերբակալված, և կեղծ են լուրերը, թե երրորդ անձին են ձերբակալել։  

«Նման բան չկա, հնարավոր է, որ հարցաքննվել են, բայց ձերբակալված երկու անձ է ու վերջ, երրորդ անձ չկա, այն էլ՝ հորաքույր»,-ասաց նա։ 

Իրավապահները դեռ կներկայացնեն սպանության թե՛ մանրամասները, թե՛ դրդապատճառները, իսկ մինչ այդ խոսակցություններն ու վարկածները ասեկոսային տիրույթում են:

Բայց այս դաժան պատմությունը վեր հանեց մեկ այլ բան ևս՝ իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ հնարավորինս իրեն տարանջատել է ժողովրդից, ժողովրդի ցավից ու դարդից: Թեև Փաշինյանը իշխանության գալուց հետո էլ շարունակում էր պնդել, որ ինքը «մեզանից մեկն է»: Բայց ահա «մեզ բոլորիս» այս ողբերգությունը ցնցել է, իսկ երկրի ղեկավարին՝ ոչ. որևէ բառ, որևէ տառ այս ահասարսուռ դեպքի մասին, ոչ մի ցավակցություն ո՛չ իր, ո՛չ իր թիմի որևէ անդամի կողմից: 

Պեմզաշենի ողբերգությունը վերջին շրջանում միակը չէ. այդպես, նոյեմբերի 3-ին Արմավիրի մարզում՝  Մեծամորի վարչական տարածքում ուղևորափոխադրող Գազելի ողբերգական վթարը չորս մարդու կյանք խլեց: Դարձյալ՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ իշխանության որևէ ներկայացուցիչ այս ողբերգությանը չանդրադարձավ որևէ կերպ:

Հին Հայաստանի բարքերն այլ էին. տարիներ առաջ՝ 2015 թվականի հունվարին Հայաստանը ցնցվել էր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությամբ. ընտանիքի 7 անդամ (6 հոգի տեղում, 1-ը՝ փոքրիկ Սերյոժան, մահացել էր մեկ շաբաթ անց) սպանվեցին: Այդ օրերին էլ երկիրն ապրում էր ոճրագործության մանրամասները քննարկելով, արդար հատուցման պահանջով: Եվ իշխանությունն անմասն չէր, նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցեց: Դրանից մեկ տարի առաջ էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր ցավակցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որը վարորդի և ևս վեց ուղևորի մահվան պատճառ էր դարձել։

Մինչդեռ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մեկ ամսում այս էլ երկրորդ անգամ, ափալ-թափալ ցավակցում է թշնամական երկրին՝ Թուրքիային, այնտեղ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների առիթով...