Մարտակերտի քաղաքապետը 2 ամսով կալանավորվեց

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը 2 ամսով կալանավորվեց։
Նա մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մանրամասներ է հայտնել Միշա Գյուրջյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ից քննչական կոմիտե ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի (2010 թվականի թողարկման) թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն, ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, առանց օրինական հիմքի հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն (նույնականացվում է որպես Միշա Գյուրջինյան,–խմբ.)՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր»,- տեղեկացնում են ՔԿ-ից։
Արդյունքում ավտոմեքենան ապօրինի օտարվել է Միշա Գյուրջյանին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1.935.000 ՀՀ դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»-ը։