Ալեն Սիմոնյանը առիթը բաց չթողեց՝ «կծելու» Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի վարած լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան բանավեճին, որը ձեռնամարտից հինգ էր պակաս, ասաց, թե իր ներկայությամբ նման բան չէր կարող տեղի ունենալ։
«Եթե ես լինեի, նման բան չէր լինի։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես ներկա չլինեի, ինչերի կվերածվեին Ազգային ժողովի նիստերը։ Ընդդիմությունը վերջին ընտրությունների ժամանակ եկավ էստեղ էն՝ «փրթենք-թափենք, սպանենք, գնդակահարենք» տրամաբանությամբ, բայց, փառք Աստծո, կարողացանք, չէ՞, հետները համագործակցել և էդ բանը պահել։ Եւ էն վատ իրավիճակները, որ տեղի են ունենում, ես կարծում եմ՝ դրանք էն առավելագույնն են, որը որ ես կամ որևիցե մեկը կարողանար հարթեցնել և պահել։ Ճիշտ է, ես էլ եմ հաճախ ունենում էմոցիոնալ պոռթկումներ, բայց կարծում եմ, որպես Ազգային ժողովի նախագահ՝ վատ չեմ իրականացնում իմ աշխատանքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հընթացս գովելով իրեն։
Իրականում, Սիմոնյանը այս խոսքերով ոչ միայն առիթից օգտվեց և գովեց իրեն, որ նաև վերևներում՝ իր առաջնորդ «ընկեր Նապոլեոնն» ու մյուսները տեսնեն, թե որքան լավ ԱԺ նախագահ է ինքը, այլ ձեռքի հետ մեսիջ ուղարկեց, կարելի է ասել՝ ինչ-որ իմաստով հեռակա «նվաստացրեց» Անդրանիկ Քոչարյանին, որ ցույց տա՝ իրեն «վոժդի» տեղ դրած ու իբր ՔՊ-ի ներսում առանձին ինչ-որ խմբակ կառավարող Քոչարյանը, իրականում, ի զորու չէ նիստ գլխավորել և մի դահլիճ մարդ կառավարել այնպես, որ իր ներկայությամբ մարդիկ իրար չուտեն, այն էլ՝ սեփական թիմի անդամները։ Իհարկե, Ալեն Սիմոնյանի ներկայությամբ էլ ավելի ծանր դեպքեր են եղել, բայց դրանք մեծ մասամբ եղել են հենց Նիկոլ Փաշինյանի լուռ հրահանգով, և Սիմոնյանն էլ այսօր հենց դրանով էր գլուխ գովում, որ իրեն, ի վերջո, հաջողվել է հարաբերական խաղաղություն հաստատել խորհրդարանի դահլիճում ընդդիմության և իշխանության միջև։
Իրականում, Ալեն Սիմոնյանի կողմից Անդրանիկ Քոչարյանին հեռակա կշտամբելն ու նրա կառավարչական որակներն արժեզրկելը պատահական չէր։ Շենքում շատերը գիտեն, որ ՔՊ-ի ներսում Անդրանիկ Քոչարյանն ու Ալեն Սիմոնյանը, մեղմ ասած, իրար տանել չեն կարողանում, առհասարակ՝ Սիմոնյանը ներսում չուզողներ շատ ունի, շատը՝ հենց իր պահվածքի ու ամբիցիաների պատճառով, դրանցից մեկն ու ամենակարկառունն էլ Սիմոնյանից ոչ պակաս ամբիցիոզ, իշխանության մեծ կտորների հավակնորդ Քոչարյան Անդրանիկն է, որի մասին շատ են գրում, որ թիմի ներսում խարդավանքներ հյուսելու մեծ վարպետ է։ Ու այսօր Ալեն Սիմոնյանը առիթը բաց չթողեց՝ հեռակա նվազեցնելու Անդրանիկ Քոչարյանի արժեքը թիմում և նրա հեղինակության վրա քար գցելու, որ ցույց տա՝ միայն իրեն է հաջողվում այս «մանկապարտեզը» կառավարել այնպես, որ վերահսկողությունից դուրս չգա։
Վահե Մակարյան