«Մարդիկ ոչինչ չեն վերցրել, ով կպատկերացներ, որ հետ չենք գալու...». ինչպե՞ս տարհանվեց 15 զոհ տված Առաջաձորը 

«Մարդիկ ոչինչ չեն վերցրել, ով կպատկերացներ, որ հետ չենք գալու...». ինչպե՞ս տարհանվեց 15 զոհ տված Առաջաձորը 

«Մինչ պատերազմը սկսվելը, զորամասի հրամանատարը զանգեց, ասաց` «10 հոգի վերցրու արի, իրավիճակը լուրջ է»։ Մենք գնացինք, ստացանք զենքերը` գաղտնի ձևով, որ գյուղացիները, մանավանդ դպրոցականները չտեսնեն, քանի որ չէինք ուզում խուճապ տարածվեր։ Ստացանք զենքերն ու իջանք դիրքեր։ Ես առաջին գծում էի, որ սկսվեց պատերազմը»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Առաջաձորի համայնքի ղեկավարը։ 

Վահրամ Անդրեասյանը ղեկավարում էր նաև գյուղի տղամարդկանցից ձևավորված աշխարազոր ուժերը։ Խաչենագետի կամուրջը Մարտակերտի շրջանը Ստեփանակերտին կապող գլխավոր մայրուղու վրա էր, թշնամու թիրախում։ Այդ ուղղությամբ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կասեցվել է և՛ բանակի, և՛ ՆԳՆ ներքին զորքերի, ինչպես նաև աշխարազորայինների համառ պայքարի արդյունքում։ Ադրբեջանցիները կրակում էին խոշոր տրամաչափի տարբեր զինատեսակներով, այստեղ մարտերն անհամեմատ թեժ էին։ 

«Երբ մութն ընկավ ու արդեն չէր դիտարկվում, որոշեցի գյուղ գնալ, նորից զենք-զինամթերք վերցնել ու վերադառնալ։ Գյուղում էլ իրավիճակը լուրջ էր, բոլորն ապաստարաններում էին, իսկ կրակոցները չէր դադարում։ Մենք 3 հոգով նորից գնացինք տղերքի մոտ։ Երբ ժամը գիշերվա 4-ին նորից գյուղ եմ վերադարձել, այնտեղ ասել են, որ «7 հոգի եկել են ձեզ օգնության», որոնք, սակայն, տեղ չեն հասել»,- ասում է Անդրեասյանը։ 

Հետո է պարզվել, որ տղամարդիկ, ովքեր դիրքեր էին գնում օգնության նպատակով, հայտնվել են ադրբեջանական զինուժի թիրախում։ Վանքի խաչմերուկում նախքան շրջափակումը գործող լցակայանի հրթիռակոծության ժամանակ տեղում զոհվել են 8 հոգի։

«Նրանցից 2-ը՝ Գեղամ Ստեփանյանն ու Արայիկ Աղասյանը քաղաքացիական անձինք են։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և ադրբեջանցիների բնակավայրեր մտնելու փորձերը՝ տղաները փորձել են օգտակար լինել դիրքապահներին ու աշխարազորայինների հետ զոհվել են հենց խաչմերուկում։ Մեկ հոգի վիրավորվել է, իսկ զոհերից 2-ը՝ Վանք գյուղից էին»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Հաջորդ օրը փրկարար ծառայության Առաջաձորի ջոկի անձնակազմի հետ զոհերին ու վիրավորին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտ։ Սեպտեմբերի 20-ին, երբ պատերազմը կամաց-կամաց վեր էր ածվել մերձամարտի, Անդրեասյանի խոսքով՝ կանգնել են երկընտրանքի առաջ. «Մնա՞լ, թե՞ անվտանգության նկատառումներով տարհանել գյուղը»։ Ու քանի որ կապ չկար շրջկենտրոնի ու մայրաքաղաքի հետ, իսկ պատերազմում ցանկալի արդյունքն ուշանում էր, ուստի տարհանման պլանն անհրաժեշտություն էր։

«Սեպտեմբերի 19-ի գիշերը, իբրև անվտանգ վայր, մեր գյուղն ընդունեց Կիչան և Նոր Ղազանչի գյուղերից տարհանված հարյուրավոր քաղաքացիների։ Նրանք Առաջաձոր են հասել ոտքով։ Մի մասը մոլորվել է անտառներում։ Բոլորն իրար օգնում էին։ Օրինակ՝ գյուղի տարեցները, որ բոլորից լավ գիտեն անտառները, հենց այդ կրակոցների տակ գնացել և անտառներից տարհանել են մոլորված հայրենակիցներին, նրանց թվում և՛ երեխաներ էին, և՛ ծերեր։ Բոլորին ընդունել ենք, բայց, ցավոք, հաջորդ օրը նույն խնդրի առաջ ենք կանգնել մենք»։ 

Վանք գյուղն արդեն տարհանվում էր։ Համայնքի ղեկավարը, խորհրդակցելով գյուղի ավագանու հետ, որոշել են իրենք էլ դուրս գան, քանի դեռ կամուրջը գտնվում էր հայկական զինուժի վերահսկողության տակ։ Մի քանի մեծ մեքենա գյուղում կար, ևս մի քանիսը տրամադրել է պաշտպանության բանակը։ 

«Գյուղում համարյա բոլորը մեքենաներ ունեին, վառելիք չլինելու պատճառով այդ մեքենաները մնացել են այնտեղ։ Մարդիկ տներից ոչինչ չեն վերցրել, քանի որ ոչ մեկ չի պատկերացրել, որ հետ չենք գալու», - հիշում է նա։ 

Առաջաձորցիները գյուղից տարհանվել և մի քանի օր ապաստանել են Իվանյանի օդանավակայանի տարածքում և Ստեփանակերտում, այնտեղից էլ՝ տեղահանվել Հայաստան։ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում Առաջաձորից զոհվել է 10 մարդ, 1 հոգի վիրավորում է ստացել, իսկ 5-ը զոհվել են վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի ժամանակ: Նրանցից մեկն անչափահաս է։

Հունան Թադևոսյան