Սպասում եմ Մարությանի կողմնորոշմանը․ բնականաբար, ես իր հետ եմ գնալու ընտրություններին․ Աբգարյան

Սպասում եմ Մարությանի կողմնորոշմանը․ բնականաբար, ես իր հետ եմ գնալու ընտրություններին․ Աբգարյան

Երևանի ավագանու սպասվող ընտրությունների ֆոնին քաղաքապետի թեկնածուների անուններ են ավելանում։

Մամուլը գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ակտիվ աշխատանքներ է սկսել՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար։ Ըստ մամուլի՝ երկու անուն կա, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում. երկուսն էլ «Իմ քայլը» ավագանու նախկին անդամներ են` Իզաբելլա Աբգարյանն ու Էռնեստ Ավանեսովը։

MediaHub-ը ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերջինս նման քննարկում է ունեցել Մարությանի հետ, սակայն վերջինս նշեց՝  մինչ այս պահը նման քննարկում չի եղել։ 

Հարցին, եթե առաջարկ լինի Մարությանի կողմից, ինչպե՞ս կարձագանքի, Աբգարյանը պատասխանեց․

«Բնականաբար կընդունեմ։ Ասեմ ավելին՝ շատ տարբեր ուժերից առաջարկներ եմ ստացել և բոլորին նույնն եմ պատասխանել՝ ես սպասում եմ Հայկ Մարությանի կողմնորոշմանը, և եթե Հայկ Մարությանը մասնակցելու է, բնականաբար, ես իր հետ եմ գնալու ընտրություններին»,-ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ այս պահին մի քանի ուժ արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցության մասին։ Թեկնածուների անուններ ակտիվ շրջանառվում են․ ՔՊ-ն գնում է ընտրությունների Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն է, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաստատել է, որ իր թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Ուժը հայրենյաց» կուսակցության թեկնածուն կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» կուսակցությունն էլ «Ալյանս» կուսակցության հետ է որոշել  միասնական թեկնածու առաջադրել։ 
Երբեմնի ընդդիմադիր երկրորդ ուժը համարվող ԲՀԿ-ն, որն այս պահին էլ Երևանի ավագանիում խմբակցություն ունի, դեռ հստակ որոշում չունի։

Լիաննա Թորոսյան