Թշնամին նորից սադրել է. ի՞նչ վիճակ է Գեղարքունիքի սահմանին

Թշնամին նորից սադրել է. ի՞նչ վիճակ է Գեղարքունիքի սահմանին

Քիչ առաջ հայտնեցինք, որ թշնամու կրակոցից ծանր վիրավորում է ստացել շարքային Պ․ Խ․-ն։ Մեր տեղեկություններով՝ դեպքն արձանագրվել է Վարդենիսի հատվածում։ Թշնամին առավոտյան 10:00-ից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածների ուղղությամբ։

«Ամեն օր էլ կրակում են, էդ ե՞րբ է կրակը դադարել, որ այսօրվա կրակոցներն էլ չլինեին»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նա նշեց, որ այսօր առավոտյան կրակոցներ եղել են, բայց վիրավորի մասին տեղեկություն ինքը չունի։

«Չգիտեի, որ վիրավոր ունենք։ Իսկ կրակոցներին արդեն սկսել ենք բանի տեղ չդնել, այնքան սովորական են դարձել»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ սեպտեմբերյան դեպքերից հետո Վարդենիսի սահմանամերձ համայնքներից տեղահանվածների 80 տոկոսն արդեն վերադարձել է։

«Դե, խոսքն, իհարկե, հիմնականում Սոթքին է վերաբերում, քանի որ այն էր ամբողջությամբ դատարկվել։ Բայց ցավալին այն է, որ երեխաներին հետ չեն բերում գյուղեր»,- նշեց Ավետյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը հատկապես, ակնառու է դառնում դպրոցահասակների շրջանում, քանի որ երեխաներից շատերը դասերն էլ են բաց թողնում։

«Դե, մարդիկ հիասթափվել են, ի՞նչ կարող ենք անել։ Ով հնար ունի, ուզում է սահմանից հեռացնել իր երեխային»,- ամփոփեց խոսքը Հակոբ Ավետյանը։

Նարե Գնունի