Պատերազմից հետո հետը նռնակներ, փանփուշտներ է բերել, տոպրակով թաքցրել ծառի տակ

Երեկ ուշ երեկոյան MediaHub-ը գրել էր, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Գծի հետեւ» կոչվող թաղամասում, Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցի ետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել։
Կանչով դեպքի վայր էին մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ, Շիրակի ոստիկանության աշխատակիցները։
ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից MediaHub-ին հայտնեցին, որ երեկ ժ.19.15-ին ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ ինքը 44 օրյա պատերազմի մասնակից է, պատերազմից հետո իր հետ բերել է փամփուշտներ և նռնակներ, որոնք թողել է Գյումրի քաղաքի Գծի ետնամասի դաշտի մեջ:
«Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ: Գարեգին Ա փողոցի մայթեզրի ծառի տակ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 1 հատ «Ջ-1» տիպի նռնակ՝ պայթույցիչի հետ միասին, 1 հատ «Ջ-1» տիպի ուսումնական նռնակ և 88 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտներ»,-ասացին լրատվականից:
Հայտնաբերված զինամթերքը եւ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Լիա Սարգսյան