Հայկական Ստեփանակերտը քայլ առ քայլ դարձնում են «Խանքենդի»․ ոչնչացվել է քաղաքի պատմական Թումանյան փողոցը 

Հայկական Ստեփանակերտը քայլ առ քայլ դարձնում են «Խանքենդի»․ ոչնչացվել է քաղաքի պատմական Թումանյան փողոցը 

«Միայն պատմական միջավայրի ոչնչացման տեսանկյունից մի դիտարկեք Ստեփանակերտի Թումանյան փողոցի ոչնչացումը։ Սա ավելի խորքային հարց է, այս անգամ ոտնահարվում են մարդկանց սեփականության և վերադարձի իրավունքը»,- MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը հիմքից ոչնչացնում է Ստեփանակերտի պատմական թաղամասերը, ասում է Թումանյան փողոցի բնակիչ Գայանե Հարությունյանը։ 

Ինչո՞ւ հենց Թումանյան փողոցը. սա Ստեփանակերտի յուրահատուկ ճարտարապետություն ունեցող թաղամասն է, որն առանձնանում էր իր չմշակված քարե ճակատներով, պատշգամբային մշակույթով, կամարաձև լուսամուտներով, միանման տանիքներով։ 

«Տուրիստները, երբ այցելում էին Արցախ, միշտ նրանց գրավում էր հատկապես մեր փողոցը։ Ասում էին՝ «old Stepanakert»․․․ նկարում էին։ Մենք էլ հյուրընկալում էինք մեր տներում, հյուրասիրում։ Հարևաններով մեր փողոցներն ու բակերը մաքուր էինք պահում, բոլորի դռանը ծաղիկներ աճեցնում, որ այցելուների աչքը շոյվի։ Այդտեղ ընդգծված էր հայկական ճարտարապետությունը, ոճային առանձնահատկությունը»,- ասում է Գայանեն, ով այդ թաղամասում ապրել է 30 տարի։ 

Ադրբեջանն իր լրատվամիջոցներով ցուցադրել է ամբողջ թաղամասի քանդման աշխատանքները։ Գայանեի կարծիքով՝ սրանով Ադրբեջանը լուծում է 3 հարց։

«Ալիևին կանգնեցնող, ձեռքից բռնող, դատապարտող չկա, դրա համար ոտնահարում է մարդկանց սեփականության իրավունքը, որոնք տասնամյակներով տուն են դրել, ունեցվածք են ձեռք բերել, և հետո՝ հայկական Ստեփանակերտը քայլ առ քայլ դարձնում են ադրբեջանական «Խանքենդի», ու սրանով հոգեբանական ճնշման են ենթարկում էթնիկ զտումից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, որ նույնիսկ մտքի ծայրով չմտածեն վերադարձի մասին, իմանան, որ տները քանդված են, վերադարձի դեպքում տուն չունեն, և քաղաքը նոր տերեր ունի», - ցավով ասում է մեր զրուցակիցը։ 

Հիշեցնենք, որ Արցախի օկուպացիայի մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը Ստեփանակերտում արդեն ոչնչացրել է 2 ամբողջական թաղամաս։ Թշնամի երկրի տելեգրամյան ալիքներով անթաքույց հրապարակվում է մարդկանց տներից թալանը, գույքի ոչնչացումը։ Մինչդեռ, այս ֆոնին միջազգային հանրությունը խոսում է արցախցիների հավաքական վերադարձի մասին։

Հունան Թադևոսյան