Տարօրինակ է, որ իշխանությունը չունի մեծամասնություն, բայց ունի իշխանություն․ Դավիթ Խաժակյան

Տարօրինակ է, որ իշխանությունը չունի մեծամասնություն, բայց ունի իշխանություն․ Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը ավագանու ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելուց և ավագանու կազմ չանցնելուց հետո սկսել է ավելի շատ զբաղվել իր անձնական կյանքով։

Օրինակ՝ մարզասրահ է հաճախում, միևնույն ժամանակ շարունակում է զբաղվել իր մասնագիտական աշխատանքով (IT ոլորտում), բայց նաև անմասն չի մնում քաղաքային խնդիրներից, փորձում է ակտիվացնել նաև «մունիցիպալ օմբուդսմեն» նախաձեռնությունը, որը պետք է շարունակի ուշադրության կենտրոնում պահել քաղաքային հարցերը։ 

Քաղաքապետարանում պաշտոնի առաջարկ, սակայն, չի ստացել ու չի էլ ակնկալում․ «Որովհետև կարծում եմ՝ գործունեությունս շարունակելու է լինել ընդդիմադիր և, բացի այդ ամենից էլ ակնհայտ է, որ այս իշխանությունը՝ քաղաքային, դեռ ինքն ունի գործադիրում իր դիրքն ամրապնդելու խնդիր, քանի որ չունի մեծամասնություն»։

Մեր զարմացած հարցին, թե ում է ընդդիմադիր լինելու, Խաժակյանը վստահ հայտարարեց, որ գործող իշխանությանը։ Երբ հիշեցրինք, որ ընտրություններին կարծես այդքան էլ ընդդիմադիր չէր, ԼՀԿ անդամն ասաց․ «Ես այն ժամանակ էլ էի ընդդիմադիր, ներկայացնում էի այլընտրանքային տեսակետներ, ծրագրեր, որոնք չէին համապատասխանում իշխանության ներկայացրածին»։

Նա նաև վստահեցրեց, որ եթե հաղթահարեր անցողիկ շեմն ու անցներ ավագանու կազմ, ապա ինքը միանշանակ կոալիցիա չէր կազմի ՔՊ-ի հետ, ինչպես «Հանրապետություն» կուսակցությունն արեց։ «Ոչ, չէի կազմի»,- վստահեցրեց նա։

-Իսկ հետևո՞ւմ եք ավագանու նիստերին, և ի՞նչ կարծիքի եք՝ հաշվի առնելով այն բառապաշարը, ելույթները, որոնց ականատես եղանք վերջին նիստի ընթացքում։
-Նիստերին, բնականաբար, հետևում եմ, և որպես հիմնական խնդիր ոչ թե դիտարկում եմ այդ փոխադարձ վիրավորանքները, այդ մթնոլորտը, որը ձևավորվել է, այլ այն, որ չկա քաղաքապետարանում մեծամասնություն, ինչը անբնական երևույթ է։ Եվ անգամ տարօրինակ է, որ իշխանությունը չունի մեծամասնություն, բայց ունի իշխանություն, որը լրջագույն խնդիր է։

-Կարծում եք՝ երկար կյանք կունենա՞ այս ավագանին։
-Դա կախված է ընդդիմադիրների հետ աշխատանքից։ Ամեն դեպքում՝ եկեք ֆիքսենք, որ արմատական ընդդիմադիրները, որոնք հիմա ներկայացված են Երևանի ավագանիում, կարողացել են այնքան միմյանց հետ աշխատել, որ քանի նիստ եղել է ավագանիում։ Այդքան ժամանակ էլ եղել է քվորում, և բոլոր հարցերը, որոնք քննարկվել են, դրական հանգուցալուծում են ստացել։ Թե դա որքան կարող է տևել, բնականաբար մեծ հարց է, բայց գոնե այս պահին եղած իրողությունը դա է։

-Մի քիչ շանտաժի լեզվով են խոսում իրար հետ, ի՞նչ եք կարծում՝ կգա՞ մի պահ, երբ շանտաժը կգերակշռի, և դրա հետևանքով ճգնաժամ կառաջանա։
-Եթե չկա անդրկուլիսային պայմանավորվածություն ընդդիմության և իշխանության միջև, ապա կանխատեսելի է, որ այդ պահը գալ կարող է։

-Դուք կցանկանայի՞ք այսպիսի ավագանու կազմում ներկայացված լինել։
-Ես ընդհանրապես միշտ կցանկանայի շարունակել իմ աշխատանքը կատարել քաղաքի համար։ Անկախ նրանից, թե ինչ մթնոլորտ է, որովհետև 2017 թվականին, երբ «Երկիր ծիրանին» և իր նույնանուն դերակատարները կային, և՛ այն ժամանակ, և՛ հիմա, աշխատում էինք և փորձում էինք մեր մասով մեր աշխատանքը լավ կատարել։ Իհարկե, մթնոլորտ պղտորողներ միշտ էլ կլինեն, բայց դե, դա է մեր քաղաքական ներկապնակը։

Վահե Մակարյան