Մանիպուլյատորը

Մանիպուլյատորը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, ով շարունակում է «փրկել» Փաշինյանի դեմքը՝ դիմելով կեղծիքների: 

Զարմացածը 

Երեկ Քոչարյանը զարմացած ընդգծել է՝ ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ վերջը ստորագրե՞լ է Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ. «Շահրամանյանը եթե չի ստորագրել ԼՂՀ-ն լուծարելու փաստաթուղթը, այդ դեպքում ինչո՞ւ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր ԼՂ-ում, ինչո՞ւ արցախահայությունը լքեց իր բնակավայրը»: 

Արցախը հանձնողն անուն ունի 

Անդրանիկ Քոչարյանի ցինիզմը սահմաններ չունի:

Արդյո՞ք Հայաստանում որևէ բանական մարդ կա, ով կարծում է, թե Արցախը լուծարվել ու հայաթափվել է Սամվել Շահրամանյանի հրամանագրի հետևանքով:
Բոլորի համար է պարզ, որ Արցախի ոչնչացումն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանք է: Ալիևի, այսպես կոչված, ինտեգրման քաղաքականությունը լեգիտիմացրել է Փաշինյանը, ով անցած տարվա հոկտեմբերի 6-ին ստորագրել է Պրահայի քառակողմ հայտարարությունը՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս ու ազատություն տալով Ալիևի ձեռքերին:
Արցախը հանձնողն անուն ունի ու դա շատ լավ գիտի Անդրանիկ Քոչարյանը: 

Վահրամ Բագրատյան