Այնպես չէ՝ տխրել ենք Վարդանյանի հեռացումից կամ ուրախացել․ լավը կամ վատը չենք տեսել․ Բադասյան

Այնպես չէ՝ տխրել ենք Վարդանյանի հեռացումից կամ ուրախացել․ լավը կամ վատը չենք տեսել․ Բադասյան

Այնպես չէ, որ տխրել ենք Ռուբեն Վարդանյանի հեռացումից կամ ուրախացել, այնպես չէ, որ լավը կամ վատը տեսել ենք. սա իմ կարծիքն է, որ շատ արցախցիներ են կիսում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Վահան Բադասյանը:

Հիշեցնենք, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ստորագրել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ 

«Ես միշտ ասել եմ, որ Վարդանյանը կրթված, գրագետ, լեզուներ իմացող մարդ է և օգնել է, որպեսզի Արցախի հարցը լսելի լինի միջազգային շատ կառուցներում: Սա միակ շոշափելի ձեռքբերումն էր»,-ասաց նա։

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեն Ներսիսյանից, Բադասյանը պատասխանեց․ 

«Որևէ մեկից ո՛չ հույս ունեմ, ո՛չ՝ չունեմ։ Պետք է տեսնենք, թե այս բարդ իրավիճակում ինչպես են գործում, անիմաստ գովել կամ փնովել չեմ կարող։ Ներսիսյանը չի աշխատել այս պաշտոնում, ոչինչ ասել չեմ կարող, Ռուբեն Վարդանյանն էլ այնպես չէ, որ արտակարգ աշխատել է. ունենք այն, ինչ ունենք»։ Իսկ թե ինչ ճակատագիր կունենա Լաչինի միջանցքը,

Բադասյանը նշեց՝ ճանապարհը բացելու միայն մեկ հուսալի տարբերակ կա.

«Զենքի ուժն է, որը հիմա չունենք։ Եվրոպայի, Ամերիկայի, ՌԴ-ի վրա հույս դնել պետք չէ»,-ամփոփեց նա։

Լիաննա Թորոսյան