Պապոյանն առաջարկում է մաքսատուրքից ազատման արտոնություն տալ թութուն և տանիքի ծածկեր արտադրող երկու ընկերության

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներկայացրել է միանգամից երկու ընկերության մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրելու վերաբերյալ նախագիծ։ Դրանցից մեկով առաջարկվում է բավարարել «ՋԼ տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքա-վորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «ՋԼ տոբակո» ՍՊԸ կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել թութունի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 49 աշխատատեղ 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232.8 մլն դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Մյուս նախագծով առաջարկվում է բավարարել «Գեպոտանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն ստանալու վերաբերյալ։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Գեպոտանիք» ՍՊԸ կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել տանիքի ծածկերի, տանիքի համալրող մասերի, սենդվիչ պանելների և այլ արտադրատեսակների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայում առկա է 45 աշխատատեղ՝ 672 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 56-ի՝ 1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 266․7 մլն դրամ։
Վահե Մակարյան