ՀՀ և Արցախի ներկա ու նախկին նախագահներ, դատապարտե՛ք Փաշինյանի հայտարարությունները․ Վահրամ Բալայան

Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որով նա պատրաստակամ է Արցախը Ադրբեջանի կազմում ներառել, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջացրել Արցախում։ Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտում է ՀՀ անկախության հռչակագրի և սահմանադրության ամրագրումները Արցախի մասին։

Այս մասին այսօր Արցախի ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Վահրամ Բալայանը։

«Մեզ համար անընդունելի և առոչինչ է Արցախի ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը  և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմած որևէ փաստաթուղթ: Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղումից»,-ասաց նա։

Բալայանը դիմեց նաև ՀՀ և Արցախի գործող և նախկին նախագահներին.

«Կոչ ենք անում դատապարտել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, այլապես ձեր լռությունը կդիտարկենք որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: