Բողոքարկելու ենք, ստացվում է՝ շարքային  խուլիգաններ են անձինք, որոնք հանուն հայրենիքի պայքարում են․ փաստաբան

Բողոքարկելու ենք, ստացվում է՝ շարքային  խուլիգաններ են անձինք, որոնք հանուն հայրենիքի պայքարում են․ փաստաբան

Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մեղավոր է ճանաչել «10-ի գործով» անցնող բոլոր 9 մեղադրյալներ Արսեն Վարդանյանին, Էմանուել Սինանինին, Նարեկ Վերդյանին, Արշակ Սարգսյանին, Տարոն Մանուկյանին, Մեսրոպ Եղիազարյանին, Աշոտ Հովհաննիսյանին, Բագրատ Եսայանին եւ Նարեկ Մանթաշյանին։ Նրանք մեղադրվում են 2021թ․-ի ապրիլի 22-ին Դատախազության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու եւ խուլիգանական արարքներ կատարելու մեջ։ 

Քաղաքացիները ՀՀ գլխավոր դատախազության դեմ բողոքի ակցիա էին իրականացնում Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ։ Ակցիայի ընթացքում բախումներ տեղի ունեցան մասնակիցների եւ ոստիկանների միջեւ։ Քաղաքացիներից ոմանք ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո էլ ոստիկանները տասնյակից ավելի քաղաքացիների բերման ենթարկեցին։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հոդվածով։ 

Գործով անցնող 10 մեղադրյալներից 7-ի փաստաբան Սերգեյ Հարությունյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշման դեմ բողոքարկելու են, թեպետ վաղեմություն է կիրառվել, եւ ըստ էության մեղադրյալները  ոչ՛պատիժ չեն կրելու, ոչ՛ էլ մեղադրող դատախազի պահանջած 50 հազար տուգանքն են վճարելու։ 

«Սա մենք համարում ենք ապօրինի որոշում, որովհետեւ  ենթադրաբար խուլիգանության մասին միակ ապացույցը, որ կարող էին ներկայացնել, ոստիկաններն էին, որոնք մեկը մեկին լրացնող, զավեշտալի ցուցմունքներ են տվել։ Ոչ մեկ ոչինչ չէր հիշում, միայն հղում էին անում իրենց նախաքննական ցուցմունքներին։ Հետաքրքիրն այն է, որ այլեւս համակարգում չաշխատող ոստիկանների ցուցմունքները տարբերվում էին, նրանք ավելի ազատ էին իրենց խոսքում ու հիշում էին դեպքը»,-ասաց նա։ 

Ըստ փաստաբանի՝ այս գործը իրականում մահակ էր՝ ընդդիմադիր ակտիվիստներին ճնշելու համար։

«Նարեկ Մանթաշյանը եւ Տարոն Մանուկյանը այս գործով կալանավորվեցին եւ մարդկանց ճակատագրի վրա սա ազդեց այնքանով, որ, օրինակ Տարոնը հեռացվեց համալսարանից՝ ապօրինի կերպով։ Այո, մեղադրանքի կրում չի լինելու, որովհետեւ դատախազը պահանջել էր ընդամենը 50 հազար դրամ տուգանք, իսկ գումարը չի տրվելու, որովհետեւ այս հոդվածի պարագայում վաղեմություն է կիրառվել։ Բայց մենք սա համարում ենք սկզբունքային եւ միանշանակ բողոքարկելու ենք, որովհետեւ նույնիսկ կային վիդիոներ, որտեղ երեւում է, որ գործով անցնող 10 անձանցից որեւէ մեկը չի հայհոյում, ավելին նրանք փորձում են բաժանել ու այնպես անել, որ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախում չլինի։ Փաստորեն ընտրել էին հիմնականում Դաշնակցական երիտասարդների եւ այն ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց, որոնց նկատմամբ կարող էին այսպես ճնշում գործադրել»,-ընդգծեց նա։ 

Սերգեյ Հարությունյանն ասում է՝ իր համար զարմանալի չէ դատավորի որոշումը, երբ տեսնում է, թե ինչ ճնշումներ են իրականացվում դատավորների նկատմամբ, ինչ գործիքակազմ է ընտրել ԲԴԽ-ն եւ, իր խոսքով, ինչ ապօրինություններ են իրականացնում։

Դատավորի այս որոշումը մարդկանց կյանքի որակը կփոխի՞, ըստ փաստաբանի՝ սկզբունքային հարց է։

«Ստացվում է՝ շարքային  խուլիգաններ են անձինք, որոնք հանուն հայրենիքի պայքարում են։ Կան մարդիկ, որոնք 20 տարվա կենսագրություն ունեն՝ հանուն հայրենիքի իրենց գործունեության։ Փորձեցին նրանց վրա շարքային խուլիգանների խարան դնել»,-հավելեց նա։

Լիա Սարգսյան