Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամում անանուն նվիրատվությունների շքերթը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա ընթացքում հիմնադրամի նվիրատուներից շատերը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, դարձյալ նախընտրել են ստվերում մնալ: Այսպես, 2021-2022 թվականներին դոլարային անանուն փոխանցումները երկուսն են եղել՝ միանվագ 300 հազար ու 5 հազար դոլար: Դրամային անանուն փոխանցումները 9-ն են եղել՝ ընդհանուր 109 մլն 636 հազար 468 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կաբինետում կարճ ժամանակ սոցապնախարար աշխատած Առաքելյանը, իհարկե, վատ բան չի առաջարկում, բայց 10 մլրդ դրամների տրամադրման արդարացված-չարդարացված լինելու հանգամանքի ուսումնասիրությունը նախ պետք է սեփական թիմից սկսել, օրինակ՝ Վարդանյանի թիմում ներգրավված, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանից, որը նույնպես 10 մլրդ դրամից վստահաբար աջակցություն է ստացել գուցե ոչ ուղիղ, այլ փոխկապակցված անձանց կամ ընկերությունների միջոցով:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ քաղաքացիների հետ միջադեպի գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատախազը հրաժարվում է ստորագրել եւ գործը դատարան ուղակել, ինչի արդյունքում գործը կրկին ուղարկվում է նախաքննական մարմին՝ քննությունը շարունակելու համար:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ գործը հասել է դատարան եւ դատարանից հետ է ուղարկվել նախաքննական մարմին՝ նորից քննություն իրականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքից 45 օր անց այն այդպես էլ չի բացահայտվել. չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին անհայտ անձինք հարձակվել եւ ծեծի են ենթարկել Էդգար Ղազարյանին։ Ըստ տուժողի՝ դեպքը տեղի է ունեցել իրենց շքամուտքի մոտ, երբ տուն էր վերադառնում վարսավիրանոցից։

Նույն օրը ՔԿ-ում քրեական վարույթ էր նախաձեռնվել:

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հայաստան» դաշինքի պատգամավորության մի շարք թեկնածուներ չեն վերցնի մանդատները։ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարսը, ով ցուցակում 36-րդն է, եւ Արամ Վարդեւանյանի հրաժարականից հետո հերթը նրանն էր, չի ցանկանում բժշկի աշխատանքը փոխել պատգամավորականով։ Մանդատից հրաժարվելու մասին խմբակցությանը տեղեկացրել է նաեւ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով վերջերս է վերընտրվել դեկանի պաշտոնում։ Մանդատը կվերցնի ցուցակի 38-րդ համարը՝ Մհեր Սահակյանը, ով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է՝ հասարակական հիմունքներով, ինչպես նաեւ «Գրանդ հոլդինգի» Վարդանյանների փեսայի՝ 2003-2008 թթ․ ՀՅԴ քվոտայով ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանի որդին։

«Հրապարակ» թերթը գրում է․

Դեկտեմբերի 4-6-ը Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ 15-րդ լիագումար համատեղ նիստին կմասնակցի նաեւ ՀՀ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, ով ԱՊՀ երկրների եւ ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակությունների ղեկավարն է։ Մեկնելու են նաեւ Հակոբ Արշակյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։

«Հրապարակ» թերթը գրում է․

Այսօր Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունն ասուլիս է տալու, որ բացատրի, թե ինչու են «դռելն» առել՝ ընկել հրապարակի զարդանախշերի եւ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի «ջանին» ու 8 հազար անցք բացել, որ բոլ-բոլ լույսեր տեղադրեն եւ կառավարության «մութ օրերը» լուսավորեն։ Ավագանու «Իմ քայլի» նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը մեր բոլորի փոխարեն ձեւակերպել է խնդիրը․ «Վանդալները պարզաբանում են, որ հետո անցքերը լցվելու են: Եկեք մեկական դռել վերցնենք՝ գնանք իրենց տների պատերին անցքեր անենք, հետո լցնենք: Կթողնե՞ն: Վստահ եմ՝ նույնիսկ իրենց երեխաներին մի հատ նկար պատին փակցնել չեն թողնում, որ պատին անցք չլինի, նորոգումը չփչանա»:

«Հրապարակ» թերթը գրում է․

Հայաստանի Հանրապետությունում հանցագործություններն իբր կանխարգելելու եւ արագ բացահայտելու քողի ներքո հայրենի ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետեւել շարժերին։ Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով պահանջում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրել տեսախցիկներ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովն առաջիկայում մի քանի դատավորներ պետք է ընտրի, թեկնածուներն արդեն հայտնի են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թափուր է դատավորի պաշտոն Վճռաբեկ դատարանի վարչական պալատում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմում: