«Մարտի 1»-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը։ Նոյեմբերի իննից հետո առաջին անգամ լրագրողները հնարավորություն ունեցան առանց խոչնըդոտի մոտենալու նրան և հարցեր ուղղելու, բայց՝ միայն «Մարտի 1»-ի մասին։
Ստորև ներկայացնում ենք լրագրողների հարցերն ու Փաշինյանի պատասխանները։
- Դուք ասում էիք, թե «Մարտի 1»-ը բացահայտված է։
- Այո՛, իհարկե, «Մարտի 1»-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։
- Ինչո՞ւ։
- Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով, բայց նաև ասեմ, այն, որ մինչև հիմա «Մարտի 1»-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու։
Ընդհանրապես, լինում են էդպիսի դեպքեր, մանավանդ, ամենամեծ խնդիրն այն է, որ նաև քրեական գործի վարույթներով ապացուցվել է՝ նախաքննությունը դեպքերից անմիջապես հետո ամբողջ ջանքերը չի դրել, որ տեղի ունեցածը բացահայտվի։ Հակառակը, ամեն ինչ արել են, որ չբացահայտվի։ Օրինակ, էստեղից հավաքված իրական պարկուճները հետագայում փոխվել են։ Բայց դա կապ չունի, էնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում հայտնել, ապա պետք է ասեմ, որ մեր ջանքերն այդ ուղղությամբ լինելու են։
- Բա ի՞նչ հիմքով եք ասում, որ բացահայտված է։
- Էլի եմ ասում, որ բացահայտված է։ Դուք գիտեք, որ դատաքննություն է եղել, քրեական գործը կարճվեց՝ իրավական մեկնաբանությունների առումով։ Ես ասում եմ իրականությունը, թե ինչ քայլեր են եղել․․․ ի վերջո, եկեք չմոռանանք, թե ինչեր են պարզվել։
- Պատասխանատուներ կա՞ն։
- Այո՛, հիմնական պատասխանատուները դատարանում էին։ Ես չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումները։ Այդ որոշումները պետք է ընդունենք ի գիտություն։
- Այսինքն՝ այդ մարդիկ արդարացվել են, դա ի գիտություն ընդունե՞նք։
- Ես չեմ ուզում իրավական առումով խոսել, խոսքն այլ բանի մասին է։ Բայց այդ մարդիկ՝ մինչև կատարողների մակարդակ, բացահայտված են։ Միայն բուն կատարողները բացահայտված չեն։
- Իսկ կատարողներին մոտ ապագայում հնարավո՞ր է բացահայտեք։
- Ես չեմ այդ հարցերին պատասխանողը։ Իմ դիրքորոշումն այն է, որ այո՛, այդ ամենը պիտի բացահայտվի։