«Պատմության լուռ վկաները»․ գիտաժողով՝ նվիրված Արցախի էթնnցիդի պաշտպանությանը ադրբեջանական վանդալիզմից 

«Պատմության լուռ վկաները»․ գիտաժողով՝ նվիրված Արցախի էթնnցիդի պաշտպանությանը ադրբեջանական վանդալիզմից 

«Հիշատակարան» հասարակական կազմակերպությունը և «Ինալկո» հիմնադրամը համատեղ կազմակերպում են «Պատմության լուռ վկաները» գիտաժողով, որը նվիրված է Արցախի նյութական մշակութային ժառանգության ակադեմիական վավերագրմանը։ 

«Հիշատակարան» կազմակերպության հիմնադիր ու գիտաժողովի նախաձեռնող անդամ Աննա Լեյլոյան-Եկմալյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը ստեղծվել է 2023 թվականի հունիսին` 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության բռնագրավված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վտանգված հայկական պատմամշակութային հուշարձաններն ուսումնասիրելու և վավերացնելու համար։ Նախորդ տարի գիտաժողովը տեղի է ունեցել Փարիզում, այս անգամ հասցեն Երևանն է։ 

«Գիտաժողովն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 5-ին և 6-ին Երևանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Ծրագրի նպատակն է հուշարձանների գիտական և ակադեմիական վավերագրման միջոցով հնարավորինս պաշտպանել դրանք ավերումների, վերափոխումների, յուրացումների և իհարկե հիմնահատակ ոչնչացումների ուղղակի վտանգից և առավել ամբողջական փաստագրմամբ այն փոխանցել հետագա սերունդներին»,- ասաց մեր զրուցակիցը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման և Արցախի բռնի հայաթափման հետևանքով այսօր անմիջականորեն վտանգված է Արցախի ողջ տարածքի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

«Ուստի, պետք է անենք հնարավորը, որպեսզի պաշտպանենք, մեր կարողությունների չափ պահպանենք այդ տարածաշրջանի նյութական և ոչ նյութական արժեքների պահպանումը ադրբեջանական վանդալիզմից»,- հավելեց նա։

Հունան Թադևոսյան