«Սիրում եմ ձեզ» կարգախոսով իշխանության եկած Փաշինյանն անցնում է վախի տարածմանը, իր վերջին պատվարին

Թեպետ Հայաստանում համեմատաբար եվրոպական երկրների միշտ էլ տոկոսային հարաբերությամբ ոստիկանների թիվը շատ է եղել, սակայն վերջին տարիներին թե՛ ոստիկանների թվի շեշտակի ավելացման, թե՛ վերջիններիս գործողությունների ագրեսիվությամբ, Հայաստանն աստիճանաբար վերածվում է ոստիկանական երկրի, ինչը բնորոշ է ավտորիտար երկրներին։
Օրերս ստացված տեղեկություններն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկվածները հատուկ ջոկատայինների կողմից ենթարկվել են խոշտանգումների, պետք է դիտարկել իրավապահ համակարգում տիրող իրավիճակի ընդհանուր կոնտեքստում։
Իրավապահ մարմինների կողմից շատ հաճախ առանց անհրաժեշտության ուժի ցուցադրումը պայմանավորված է երկու գործոնով։ Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, սակայն ոստիկանների չհիմնավորված ագրեսիան ուղիղ պայմանավորված է երկրի ներքաղաքական իրավիճակով ու հրահանգավորված իշխանական ամենավերին օղակների կողմից: Նիկոլ Փաշինյանի ելույթը, ուղղված ոստիկաններին, որում նա մոտավորապես այն միտքն էր զարգացնում, որ առանց ուժի կիրառման ոստիկանների գործողություններն իմաստ չունեն, հենց այն հրահանգավորումն է, որի շրջանակներում էլ գործում են իրավապահները: Ընդ որում, ամենևին կարևոր չէ՝ մարդիկ խոշտանգման են ենթարկվում ազատության մեջ, թե քրեակատարողական հիմնարկում: Նիկոլ Փաշինյանին ուժի ցուցադրում է հարկավոր ամենուր ու ամենքի վրա:
Փաշինյանի հրահանգավորմամբ՝ ոստիկանները մարդկանց թևերը ստորացուցիչ կերպով ոլորում ու ասֆալտին են պառկեցնում թե՛ հանցանքի, թե՛ զանցանքի դեպքում: Ոստիկանների աչքում թե՛ վարչական իրավախախտում կատարողը, թե՛ ծանր հանցագործության մեջ կասկածվողն ունեն նույն կարգավիճակը: Ոստիկանները նույն ագրեսիվությամբ են բերման ենթարկում և՛ կաշառքի մեջ կասկածվող դասախոսին, և՛ իշխանությանը քննադատած ընդդիմադրին, և՛ լիազորությունները գերազանցած պաշտոնյային, և՛ մարդասպանության կամ բռնաբարության մեջ մեղադրվողին:
Միակ տարբերությունն այն է, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվողը, որի հանցակազմում քաղաքական էլեմենտ ընդհանրապես գոյություն չունի, կարող է հույս ունենալ նախքան դատը չկալանավորվելու, իսկ քաղաքական դրդապատճառներով բերման ենթարկվածն անխուսափելիորեն ենթարկվում է կալանքի։
Նիկոլո Մաքիավելին Բորջիային խորհուրդ էր տալիս, որ վախի սփռումը գերադասի իր հանդեպ ժողովրդի սիրուց. «Սերը յուրաքանչյուր մարդու անհատական ընտրությունն է, այսօր մարդիկ քեզ կարող են սիրել, վաղը՝ ատել ու երբ մարդիկ քեզ սիրում են, դու ամբողջովին կախված ես լինում նրանց ցանկություններից ու զգացմունքների փոփոխություններից: Իսկ վախը դու ես տարածում նրանց վրա ու երբ քեզանից վախենում են, դու ես ամբողջովին կառավարում նրանց: Հետևաբար, ավելի լավ է քեզանից վախենան, քան քեզ սիրեն»,-ասում էր Մաքիավելին։
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության եկավ «Սիրում եմ ձեզ» տխմար կարգախոսներով, շատ շուտ սպառեց այդ «սիրո» լիմիտը ու հիմա անցում է կատարում վախի մթնոլորտի տարածմանն ու հաստատմանը, իր միակ ու վերջին պատվարին։
Ոստիկանների ագրեսիայի մյուս պատճառն էլ պայմանավորված է վերջիններիս մարդկային որակներով։ Ոստիկանական բարեփոխման անվան տակ համակարգ թափանցեց կիսագրագետ, տարրական բարեվարքությունից զուրկ, կյանքում հաջողության չհասած, հաճախ էլ «աբիժնիկ» մի շերտ, որն իր պահվածքով ոչ միայն ստվեր գցեց իրական ոստիկանի կոչումի վրա, անարժան լինելով ուսադիր կրելու, ոչ միայն արժեզրկեց ուսադիրը, այլև դարձավ բութ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որովհետև սովորաբար որքան մարդը զուրկ է լինում արժեհամակարգից, այդքան նրա աչքին անքննելի են դառնում շեֆի հրամանները։
Կարեն Կարապետյան