Ես էլ եմ հիասթափված. Բագրատ Սրբազանը շարունակում է պայքարը

Բագրատ Սրբազանն ու իր աջակիցները շարունակում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիան։

Նրանք ստորագրություններ են հավաքում այդ թեմայով՝ այդպիսով ստուգելով հանրային տրամադրությունները։ 

Երեկ՝ ապրիլի 1-ի երեկոյան Բագրատ Սրբազանը ևս այնտեղ էր, ում մի քանի հարց ուղղեցինք ակցիայի ընթացքի և արդյունքների մասին։ Նա նախ նշեց, որ ապրիլի 1-ը, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի ու նրա ստի հիշատակի օրն է։ 

Ինչ վերաբերում է ակցիային, Սրբազանն ասաց, որ նախորդ օրն ընդամենը 42 ժամվա ընթացքում 10 հազար թերթիկ են հաշվել իրենց երիտասարդները, որոնց վրա մարդկանց «բոլոր բարեմաղթանքներն են» արտացոլված՝ ուղղված այս իշխանություններին։ 

«Այս ակցիան իրավական որևէ գործողություն չունի, զուտ մարդկանց հնարավորություն ստեղծելն է՝ իրենց կամքն արտահայտելու, միևնույն ժամանակ փաստելու, շոշափելի կերպով ցույց տալու, թե որքան չընդունված են էս մարդիկ Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Բագրատ Սրբազանը։ 

Հարցին՝ չի՞ կարծում, որ հուսախաբ եղավ, հիասթափվեց ժողովուրդը իր նախաձեռնած ու այդպես էլ նպատակին չհասած շարժումից, Սրբազանն այսպես պատասխանեց․ «Սա պայքար է, անընդհատ կռիվ է, մի պահի բարձր է լինում, մի պահի՝ ցածր է լինում, բայց ընթացքը գնում է առաջ։ Երկրորդը, հուսախաբություն կարող է լինել, բնականաբար, իմ մեջ էլ կա հուսախաբություն, չկա՞, կարծում եք։ Ես էլ եմ հիասթափված՝ եղածից, իրավիճակից, գնահատականներից, վերլուծություններից, իմ արածից, նախկիններից, ներկաներից․․․ Սա շատ բնական զգացում է յուրաքանչյուրի համար, բոլոր նրանց համար, ովքեր ցավ ունեն, տառապանք ունեն, ովքեր հայրենիքի կորստի զգացում ունեն»։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան