Ինչ կտա Հայաստանին Զելենսկիով հարվածը Մոսկվային

Ինչ կտա Հայաստանին Զելենսկիով հարվածը Մոսկվային

Մամուլը ակտիվ գրում է այն մասին, որ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կայցելի Հայաստան:

Մասնավորապես, Sputnik-ը, հղում անելով ամերիկյան իր աղբյուրներին, գրում է, որ Զելենսկին Երևանում կլինի արդեն մարտի 4-ին և բացի Հայաստանից, առաջին անգամ կայցելի նաև Ադրբեջան:

Վերջինն, ի դեպ, ավելի տրամաբանական է, քան ՀՀ այցը, որովհետև Զելենսկին երբեք չի թաքցրել իր համակրանքը Ադրբեջանի և անձամբ Ալիևի նկատմամբ ու եթե հիշում ենք, իսկ բոլորս դա հիշում ենք, ակտիվ 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ Ալիևին առաջիններից շնորհավորողներից մեկն էր: Հետևապես այն, որ Զելենսկին կարող է մեկնել Ադրբեջան, որն իրեն, ի դեպ, ակտիվ աջակցում է ՌԴ հետ պատերազմում, լիովին տրամաբանական է:

Մյուս կողմից, Զելենսկու այցը Հայաստան ևս ունի իր տրամաբանությունը. Նիկոլ Փաշինյանը օրերս էլ կրկնեց, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, անցյալ տարի անձամբ օգնություն էր տարել Կիևին, և այդ ժեստը բավականին վատ ընկալվեց ԴԵՌԵՎՍ ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից: Այնպես որ, եթե Հայաստանը հստակ բռնել է ՌԴ-ից պոկվելու քաղաքական կուրսը, իսկ վերջին նրա հայտարարությունները կարծես թե դրա հավաստիքն են, ապա Զելենսկու այցն էլ հենց այն բալն է, որ դրվելու է այդ տորթի վրա:

Փոքրիկ էքսկուրս դեպի անցյալ, որից վառոդի հոտ է գալիս: Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների ՝ Ուկրաինան Ադրբեջանին զենք է վաճառում դեռ անցյալ դարի 90-ականներից սկսած, մասնավորապես, 1993-ից՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակվանից։ Այդ տարիներին՝ 1993-1994 թթ., Բաքուն Ուկրաինայից ստացել է 150 միավոր S-55 տանկ։ Սակայն, ըստ այդ տվյալների, Ուկրաինայից Ադրբեջան սպառազինության վաճառքի մեծ մասը տեղի է ունեցել 2004-2010թթ. Ընթացքում, իսկ վերջին մակատարարումը տեղի է ունեցել 2013-ին։ Վաճառված զինատեսակների շարքում են՝ Ստրելա-3 զենիթահրթիռային համակարգ, ռադարներ, հաուբիցներ, հարվածային ուղղաթիռներ, հակատանկային հրթիռներ և այլն: 

Ի՞նչ է տալու Հայաստանին Զելենսկու այցը, բացի նրանից, որ աղ է լցնելու հինգ հազար որդի կորցրած ծնողների չսպիացող վերքի վրա: Ոչինչ: Միակ նպատակն է ավարտին հասցնել ՌԴ-ին, այսպես կոչված, շուտափույտ պոկվելու օպերացիան,  և Զելենսկիով հարվածը Մոսկվային դրա կարևորագույն բաղադրիչն է լինելու:

Լիա Խոջոյան