Աշոտ Փաշինյանի «առևանգման» վկաները դեռ չեն հարցաքննվել 

Աշոտ Փաշինյանի «առևանգման» վկաները դեռ չեն հարցաքննվել 

Մամուլն այսօր գրել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրաբար առևանգման գործը դատարան ուղարկվելուց հետո էլ անջատված մաս ունի, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռևս շարունակվում է:

Անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման օրը դատարանի բակում մյուս զինծառայողների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ և Գարիկ Գալեյանների, Վահիկ Սահակյանի և մյուսների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս։ 

MediaHub-ի հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը նշեց, որ տեղի ունեցողը բնական է, ուրիշ բան չէին էլ սպասում։

«Աշոտի՝ մեքենան նստելուց հետո մենք էլ նստել ենք մեր մեքենան ու գնացել Եռաբլուր»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում նախաքննական մարմնի կողմից ճնշումներ կամ վախեցնելու այլ մեթոդներ եղել են, որպեսզի մյուս ծնողները ևս չարժանանան Գայանե Հակոբյանի ճակատագրին, վերջինս պատասխանեց, որ ոչ մի սպառնալիք չի եղել։

Հարցին՝ արդյո՞ք միջադեպին ներկա գտնվածները հարցաքննվել են, Գալեյանը պատասխանեց՝ դեռ ոչ։

Հիշեցնենք, օրերս դատարանը Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքի, սակայն նույն օրը երեկոյան փոխեց դա՝ կալանքը երկարաձգելով մեկ ամիս 15 օրով: Դրանից առաջ Աշոտ Փաշինյանը դատարանում հայտարարեց, որ "Էս հանցանքի համար 4-8 տարի էր հասնում, տնային կալանքը, ըստ իս, մեղմ ա»:  

Լիաննա Թորոսյան