Ադրբեջանն էդքան չկա, որ Իրանի վրա հարձակվի․ Սամվել Բաբայան

Ադրբեջանն էդքան չկա, որ Իրանի վրա հարձակվի․ Սամվել Բաբայան

Վերջին շրջանում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ։ Հատկապես Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանն ուժեր է կուտակում։ 

Հարակից գյուղերում բնակիչները նշում են, որ նոր հարձակման վախ կա, քանի որ թշնամին նաև զորավարժություններ է ծրագրում։ Սակայն MediaHub-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նշեց, որ իրականում շատ անհանգստանալ պետք չէ, քանի որ Ադրբեջանն իր ուժերը ի ցույց է դրել Իրանին վախեցնելու համար։

«Իրականում, ինչ էլ լինի, Արցախը պետք է պատրաստ լինի: Ես չեմ կարող ասել, թե Արցախը որքանով է պատրաստ հիմա հնարավոր հարձակումներին դիմակայելու, քանի որ ես պաշտպանության նախարար չեմ և որևէ պաշտոն չունեմ, որ հասկանամ Արցախի մարտունակության վիճակը։ Ամեն դեպքում՝ կպաշտպանվենք»,- ասաց նա։

Հարցին՝ եթե Ադրբեջանն իր ուժերը կուտակում է Իրանի դեմ օգտագործելու համար, ապա հարձակման դեպքում Արցախը որևէ կերպ կարո՞ղ է տուժել, վերջինս պատասխանեց․

«Որևէ հարձակում չի կարող լինել, Իրանն իր ուժերը սահման է բերել, Ադրբեջանն էլ փոխադարձ քայլեր է անում, որին շատ լուրջ ընդունել պետք չէ։ Ադրբեջանն էդքան չկա, որ Իրանի Իսլամական Հանրապտության վրա հարձակվի։ Պարզապես ցույց է տալիս, որ ուժեր ունի, ուզում է ցույց տալ, որ ուժեր ունի, այլ ոչինչ։ Այս առումով Արցախին որևէ վտանգ չի սպառնում»,-նշեց Բաբայանը։

Խոսելով վերջին շրջանում թշնամու սադրանքների մասին, Բաբայանն ընդգծեց, որ հիմա համեմատաբար հանգիստ է, սակայն ոչինչ բացառել չի կարելի։

«Հիմա խաղաղ է, բայց գուցե մի քանի օրից գնան մի բարձունք գրավեն, ցույց տան, թե ուժեղ են, ցույց տան, որ խաղաղապահ ուժերն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որ իրենք ինչ ուզեն, այն էլ անելու են, որ ցույց տան՝ այլ տարբերակ չկա, քան ինտեգրումն է։ Այս պատկերն է, որին մենք պետք է մոտենանք գիտակցական բարձր մակարդակով, որպեսզի այս խնդիրները հեշտ լուծելի դառնան»,- շեշտեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահը։

Լիաննա Թորոսյան