Անձամբ կգնամ էդ քաղաքացուն տեսնեմ, թե ինչու է այլանդակում քաղաքը. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց ավագանու անդամ Ղուկասյանին Ամիրյան փողոցի բազմաբնակարան շենքներից մեկի վրա կառուցվող կառույցի մասին՝ հետաքրքրվելով, թե ինչու է քաղաքացին ինքնակամ շինարարություն սկսել շենքի տանիքին։ 

«Պարոն քաղաքապետ, սեփականության վկայական ունի, բայց շինթույլտվություն չունի, երկու անգամ կասեցվել է»,-ասաց ավագանու անդամը։

Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ թեպետ կասեցվել է, բայց այդպես հարցը չի լուծվում։ «Կրակն ենք ընկել, Ամիրյան փողոցի վրա է, կարելի է՞ բա այդքան չսիրել Երևանը, ես չեմ պատկերացնում... ինչ է թե մի քառակուսի մետր բուտկա ունենան, չուլան դնեն էնտեղ, զիբիլը լցնեն»,- նյարդայնացած ընդգծեց քաղաքապետը։ 

Ապա Սարգսյանը հանձնարարեց միջանկյալ լուծում գտնել, ամբարձիչը տանել, ապամոտնտաժել Ամիրյանի վրայից։ 

«Պարոն Ղուկասյան, ի՞նչ է պետք անել, ասեք ես անեմ, ես անձամբ կգնամ էդ քաղաքացուն տեսնեմ, թե ինչու է այլանդակում քաղաքը։ Եկեք ամբարձիչը տանենք, ապամոնտաժենք, ի՞նչ պետք է անեն: Եթե պետք է դատի տան, ես անձամբ կգնամ, թող ինձ դատի տան, բազմաբնակարան շենքի վրա էլի ինչ-որ բան են սարքում՝ բուտկա են սարքում, չի կարելի այդքան չսիրել քաղաքը»,-ամփոփեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: