Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կինոն շարունակվում է. աշակերտները «բունտ են» անում

Վերջին օրերին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի շուրջ աղմուկը չի մարում, հակառակը՝ կրքերը գնալով ավելի են բորբոքվում ու կլանել են անգամ աշակերտներին:
Ինչպես հայտնի է, երեկ թիվ 20 դպրոցի տնօրենի ԺՊ նշանակվեց Քրիստինե Դումանյանը, որը այս դպրոցի կոլեկտիվից չէ և նրա թեկնածությանը դպրոցում դեմ են: Այսօր վերջինս հանդիպում էր կազմակերպել դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ և այն բավականին բուռն է անցել:
MediaHub-ի աղբյուրը հայտնում է, որ տնօրենի ԺՊ-ն նախ ասել է, որ եկել է մեծ սիրով, մեծ ուրախությամբ, ուզում է ոչ պակաս սիրով կոլեկտիվի մասը դառնալ: Նշել է՝ որևէ մեկի տեղը չի եկել, հաստիքը թափուր էր, «թող տիկին Բաբաջանյանն էլ փորձի և եթե հաղթի՝ ես կշնորհավորեմ ու կգնամ»: Խոսքը, նշենք, դպրոցի մենթորի մասին է, ով հավակնում է տնօրենի պաշտոնին:
Ասացին՝ նա մրցութային փուլը հաղթահարել է, սակայն ԿԳՄՍՆ-ում հարցազրույցի փուլը չի հաղթահարել, և ընտրվել է Դումանյանը:
Ապա ասել է. «Եկեք ավելորդ խնդիրներ չստեղծենք: Ես պատրաստ եմ անվերջ ձեզ լսելու, բայց որոշում կայացնողը ես չեմ, մեկ տարի տեղը թափուր էր, թող Բաբաջանյանը նշանակվեր: Ես ուրախ եմ, որ ունեք ձեր թեկնածուն, բայց օրենք է փոխվել, և ամեն ինչ գործում է օրենքի շրջանակում»:
Նշենք, որ մթնոլորտը հանդիպման կեսից բորբոքվել է, ուսուցիչները սկսել են արտահայտել իրենց դժգոհությունը, իսկ դրան զուգահեռ աշակերտները միջանցքերում «բունտ են» արել՝ բարձր վանկարկելով «Բա-բա-ջանյան»: Մեր աղբյուրը նշեց, որ սա հուներից հանել է նորանշանակ տնօրենի ԺՊ-ին, նա առաջարկել է հանդիպումն ավարտել, որպեսզի դասապրոցեսը չխաթարվի:
«Ես պատրաստ եմ դժվարությունների»,- հավելել է Դումանյանը:
MediaHub-ը հիշեցնում է, որ անցած հինգշաբթի օրն ԱԱԾ-ն ներխուժել էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց և երեխաների աչքի առաջ բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, ով մեղադրվում է անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ դասապրոցեսը դպրոցում այսօր առավոտվանից խաթարված է: Մեզ ասացին, որ թեև դասերն անում են, բայց դասամիջոցներին աշակերտները շարունակում են վանկարկել «Բա-բա-ջանյան», «Բա-բա-ջանյան» և աղմկել: