Ինձ ու մի խումբ դիվանագետների հնարավորություն տվե՛ք, Փաշինյանը թո՛ղ չխոսի, 2-3 ամսում իրավիճակ կփոխվի

Ինձ ու մի խումբ դիվանագետների հնարավորություն տվե՛ք, Փաշինյանը թո՛ղ չխոսի, 2-3 ամսում իրավիճակ կփոխվի

Հայաստանի նախկին նախագահներից որեւէ մեկը Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի ճանաչել, Փաշինյանը թե ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, դա էական չէ, նա Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է եւ հիմա փորձում իր ստորագրել համապատասխան փաստաթղթեր․ MediaHub-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Պետք է թույլ չտալ, դա կլինի մեծ սխալ, սերունդներով կզղջանք։ Այն, ինչ Փաշինյանը հիմա փորձում է անել, դրան լրջագույն այլընտրանքը կա։ Պատերազմը, որ ասում են, թե անխուսափելի էր, ես իմ փորձից եմ ասում՝ բացառված էր։ Փաշինյանը պատերազմը բերել է մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով։ Այսօր էլ կա այլընտրանք Փաշինյանի գործողություններին»,-ասաց Օսկանյանը։

Ըստ նրա, ամբողջությամբ պետք է վերանայել այն տեսակետը, թե այն ինչ այսօր կատարվում է նաեւ միջազգային հանրության պարտադրանքն է, արվում է նրանց ճնշման տակ։ 

«Այս միջազգային հանրության համար ցանկալի է՝ հանգուցալուծել ԼՂ հարցը, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք՝ միջազգային հանրությանը չի հետաքրքրում, նրանք գնում են այն ճանապարհով, որը իրենց առաջ բացվել է։ Որ ճանապարհը հեշտ հարցերը լուծելու համար, այդ ճամփով էլ գնում են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձեւակերպում կտան բանակցություններին, հավատացեք՝ միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշում կփոխվի»,-նշեց նա՝ հավելելով, որ սա կարեւոր ենթադրություն է, որը պետք է ընկալել եւ հասկանալ։ 

Օսկանյանը շեշտում է՝ եթե իշխանություններն այսօր ի վիճակի չեն Արցախի հարցում այլընտրանքի մասին խոսել, սա այնպիսի ազգային գոյատեւական խնդիր է, որ նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարեն այլոց: 

«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի։ Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, նման այլ բան չկա: Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից հետո Փաշինյանը խոսելը այդ ամենն ավելի է խորացրել: Այսօր նրա խոսելը ավելի է բարդացնում իր վիճակը եւ օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»,-նշեց Օսկանյանը:

Նա նշեց, որ երբ իրեն լիազորություն տրվի՝ մի խումբ դիվանագետների հետ 2-3 ամսում կտրուկ իրավիճակ կփոխի, բաայց Փաշինյանը պետք է չխոսի՝ ո՛չ հանձնաժողովներում, ո՛չ կառավարության նիստում, ոչ մի տեղ։

«Այդ բանակցային խումբը 3 հիմնական բան է անելու: Առաջին, շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը եւ նարատիվը: Մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի արդյունքում ստեղծված ոչ հավասար պայմաններում ինչ-որ հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ գնալ հարցի լուծման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով, այլ մենք մտնում ենք բանակցությունների մեջ, այո, անարդար պատերազմի արդյունքում, ոչ հավասար պայմաններում որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի Հայաստանին եւ Ադրբեջանին հասնելու արդար եւ կայուն խաղաղության: Այս նուրբ տարբերակումը պետք է արվի եւ դա առաջին կարեւոր քայլն է բանակցային տրամաբանությունը եւ նարատիվը փոխելու համար։
Երկրորդ, պետք է ընդլայնել այսօր առկա բանակցային օրակարգը: Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, այնտեղ կան միայն Ադրբեջանի պահանջները: Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում եւ այլուր բանակցում է միայն ու միայն Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տալ, որը ընկալելի կլինի հայ ժողովրդի համար: Այսինքն գան ասեն՝ դա այդպես չէ, սա նշանակում է, որ դեռեւս ինչ-որ հույսեր կան: Ընդամենը աշխատում են, որ Ադրբեջանը պահանջները բավարարած լինելով հանդերձ, այնպիսի փաթեթավորում տան, որ մեր ժողովրդի համար ընկալելի լինի: Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս այսօր: Ադրբեջանն ուզում է իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի: Այսօր  բանակցությունները գնում են դրա շուրջ, այդ օրակարգում հայկական պահանջ չկա»,- 
ընդգծեց Օսկանյանը