Մաթևոսյանի հետ ոչ մի հարաբերություն չունեմ, միջադեպ չի եղել, միջադեպի մասնակից չեմ եղել․ Էդվարդ Հովհաննիսյան

Մաթևոսյանի հետ ոչ մի հարաբերություն չունեմ, միջադեպ չի եղել, միջադեպի մասնակից չեմ եղել․ Էդվարդ Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական ժողով էր արել Դիլիջանում։

Մամուլը գրել էր, թե «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով։ Ըստ մամուլի՝ երբ դրսում ՔՊ-ականները զրուցելիս են եղել, այդ տարածքով անցնելիս է եղել Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես, ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը հարձակվել են իրար վրա ու ծեծել:

MediaHub-ի հետ զրույցում Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ որևէ միջադեպի ականատես չի եղել, առավել ևս չի մասնակցել։ Դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե միջադեպի օրն այդտեղ չի եղել, որը ենթադրում է, որ միջադեպ, ամեն դեպքում, եղել է, բայց ոչ Սերգեյ Բագրատյանի ներկայությամբ, վերջինս պատասխանեց․

 «Ուրեմն, թող ինքն ասի, թե ինչ միջադեպ է եղել, որովհետև ես, եթե մի բան ասեմ, սա կլինի միայն իմ ենթադրությունը, որը բնականաբար հորինված է լինելու»,-ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ իշխանության ներկայացուցիչները Դիլիջան էին մեկնել ուրբաթ օրը, երեկոյան ճաշկերույթ է եղել, որին հաջորդել է Փաշինյանի գլխավորությամբ նիստն արդեն շաբաթ օրը։

«Այդ ընթացքում որևէ միջադեպ չի եղել, ես էլ ականատես չեմ եղել, չեմ էլ լսել, որ նման բան եղած լինի։ Եթե լիներ ու ես տեղյակ լինեի, պարզապես կխնդրեի, որ ինձնից մանրամասներ չճշտեք, բայց նման բան պարզապես չի եղել»,-նշեց Արմավիրի մարզպետը։

Հարցին, թե վերջինս ի՞նչ հարաբերություններ ունի Վայքի համայնքապետի հետ, Հովհաննիսյանը պատասխանեց․

«Ոչ մի հարաբերություն։ Ինձ համար զարմանալի է այս պատմությունը, մեր թիմակիցների հետ բոլորս էլ շատ գործընկերային հարաբերություններ ունենք, ոմանց հետ՝ ինտենսիվ, ոմանց հետ՝ ոչ ինտենսիվ, բայց բացասական որևէ բան չկա, լարված հարաբերություն չկա»,-շեշտեց նա։

Լիաննա Թորոսյան