Լաչինի միջանցքում անցակետի ստեղծում չի նախատեսվում, բայց ... Լավրով

Լաչինի միջանցքում անցակետի ստեղծում չի նախատեսվում: Այդ մասին Բաքվում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա հարցը շատ պարզ է՝ դրա շահագործման եղանակը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտություն»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ ռուսական կողմը դրան հասնում է իր շփումների շրջանակներում, առաջին հերթին՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։
«Այնտեղ որևէ անցակետերի ստեղծման դրույթ չկա, բայց կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնելու կասկածները, թե միջանցքն իրականում օգտագործվում է ոչ նպատակային»,- ասել է Լավրովը։