Անտեսված ու խցանված իմ Երևան

Անտեսված ու խցանված իմ Երևան

Այո, այլ կերպ չես կարող ասել, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում:

Ամենօրյա խցանումները այլևս մեր առօրյան են և դրանցից որևէ փրկություն չկա: Իսկ եթե Երևանում որևէ միջոցառում է նախատեսված, ապա վերջ՝ այդ օրը ցանկալի է տանից դուրս չգալ, քանզի միևնույն է տանից հեռու չեք գնա: Կամ կգնաք՝ նյարդերի հաշվին:

Վարորդները նյարդային են, առավոտյան երեխա դպրոց հասցնող ծնողները վալերիանայի հույսով, երեկոյան տուն գնալը իրական քվեստ է հիշեցնում, ու ոչինչ չի փոխվում. Սա է իրավիճակը, որին պետք է հարմարվենք, քանզի ո՛չ քաղաքային իշխանությունները, ո՛չ էլ այլ մարմիններ այս խնդրով զբաղվելու ցանկություն չունեն: Որդեգրել են թքած ունենալու նուրբ արվեստն ու ապրում են:

​​Նման դեպքերում միայն մի հարց է հետաքրքրում՝ ինչպե՞ս են այդ պաշտոնյաները տեղաշարժվում Երևանով, առավոտյան ճանապարհ ընկնում դեպի աշխատավայր, հո օդով չե՞ն իրականացնում այդ օպերացիան: Իրենց նյարդերի վրա չի՞ ազդում այս իրավիճակը: Եվ եթե ազդում է, ինչում մենք կասկածներ չունենք, ապա ինչո՞ւ լուրջ քայլեր չեն ձեռնարկում սա շտկելու համար: Ինչու են ավելի բարդացնում առանց այդ էլ կրիտիկականի հասնող այս վիճակը:

Օրինակ, մի քանի օր առաջ Երևանի կենտրոնը թաղվել էր խցանման մեջ, քանի որ ԵԱՏՄ անդամ պետություններից պաշտոնական պատվիրակություններ էին ժամանել, հաջորդ օրն էլ՝ վարչապետերը և մի ամբողջ քաղաք ստիպված էր հարմարվել այն իրողության հետ, որ Դվին հյուրանոցում անցկացվելիք միջոցառմանը զուգահեռ բոլոր փողոցները փակ են: Հերիք չի փակ են, մի հատ էլ այդ տարածքում աշխատող քաղաքացիները ո՛չ կարող են ժամանակին հասնել աշխատավայր, ո՛չ մեքենա կայանել, ո՛չ էլ դուրս ու ներս անել, քանի որ անվտանգության ուժեղացված միջոցառումներ էին ձեռնարկվել:

Կամ այսօր՝ Հանրապետության հրապարակում համերգ է և վերջ, քաղաքը կանգնած է. մարդիկ չգիտեն ինչպես տուն հասնեն, որ ճանապարհով գնան ու չեն կարող երեկոն պլանավորել, որովհետև մարզահամերգային համալիրում անցկացվելիք միջոցառման բացումը որոշվել է անել Երևանի կենտրոնական հրապարակում, որը նաև խոշոր տրանսպորտային հանգույց է:

Ոչ ոք չի ասում, որ պետք է հրաժարվել նման միջոցառումներից, բայց գուցե ժամանակն է մտածել, որ նման մասշտաբային միջոցառումների համար Երևանն այլևս փոքր է, քանի որ մարդաշատ է, շատ մեքենաներ կան, մարզերից եկող մարդիկ, որոնք աշխատում են մայրաքաղաքում, իսկ երեկոյան պետք է հոգնած դեռ մի քանի ժամ ճանապարհ ընկնեն, որ հասնեն տուն, ու հատկապես աշխատանքային օրերին նման միջոցառումները, մեղմ ասած, արդարացված զայրույթ են առաջացնում: Եվ կա՛մ գտնել այլընտրանքային վայր՝ ոչ ճանապարհային հանգույց հանդիսացող, կա՛մ նման համերգ-ուրախություն-բացումները նախատեսել հանգստյան օրերին, որպեսզի անհարմարությունները նվազագույնի հասցվեն:

Հարգելի Երևանի քաղաքապետարան, քաղաքը պետք է հարմարավետ լինի իր քաղաքացու համար, ոչ թե հավելյալ գլխացավանք ու սթրեսի աղբյուր հանդիսանա, քանի որ քաղաքային իշխանությունները տարրական հաշվարկ չեն կարողանում անել: Հետևապես ամեն անգամ նման միջոցառումների անցկացման ժամանակ պաշտոնական հաղորդագրությունում անհարմարությունների համար ներողություն խնդրելու փոխարեն ավելի լավ է մտածեք ու լուծում գտեք այդ անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար: