«Պատային» իրավիճակ․ Վարկանիշ չունեցող Փաշինյանը մնում է իշխանության

Մարդկանց միայն 8 տոկոսն է լիովին վստահում Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին են վկայում «GALLUP»–ի սոցհարցման տվյալները։
Փաշինյանի հակառեյտինգը նոր ռեկորդներ է սահմանում՝ՀՀ քաղաքացիները հիասթափվել են նրա վարած քաղաքականությունից՝թե ներքին, թե արտաքին։ 2018թ․–ից սկսած Փաշինյանն ու թիմը տվել են սոցիալ–տնտեսական բազմաթիվ խոստումներ՝մարդկանց կենսամակարդակի բարելավման հետ կապված, գրում է Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը:
Սակայն այս տարիների ընթացքում բարելավել են միայն ՔՊ–ականների ֆինանսական վիճակը, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթել են ՀՀ–ից, ՀՀ–ի արտաքին պարտքը մոտենում է 12 միլիարդ դոլարի, իսկ հարկերն ու տուրքերը միայն ավելացնում են հասարակության սոցիալական բեռը։ Չեն ստեղծվել նոր աշխատատեղեր՝աղքատության մակարդակը միայն ավելացել է։
Ինչ վերաբերվում է արտաքին քաղաքականությանը, ապա Փաշինյանը վատթարացրել է ՀՀ–ի հարաբերությունները ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ, որն այսօր ՀՀ–ին ընկալում է, որպես Արևմուտքի «հակառուսական գործիքը»։ Արցախը հայաթափված է և գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։
Այսօր էլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին վախեցնում է նոր պատերազմով, եթե Տավուշում տարածքային զիջումներ չլինեն հօգուտ Ադրբեջանի։ Սակայն ՀՀ քաղաքացիները դեմ են ՀՀ–ի կողմից նոր տարածքային զիջումներին, ինչի մասին են վկայում նաև սոցհարցումները։
«GALLUP»–ի սոցհարցման համաձայն, քաղաքացիների մոտ 90 տոկոսի համար ընդունելի չէ Փաշինյանի՝ Տավուշի 4 գյուղերն Ադրբեջանին փոխանցելու մոտեցումը։
ՀՀ քաղաքացիները հասկանում են, որ Տավուշով Ալիևը չի սահմանափակվելու՝ պահանջելու է նորանոր տարածքներ, այդ թվում «Զանգեզուրի միջանցք» և հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ ՀՀ–ում ստեղծվել է «պատային» իրավիճակ. Փաշինյանը չունի վարկանիշ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է նրան հեռացնել, սակայն Փաշինյանն ու թիմը շարունակում են մնալ իշխանության։ Այս ֆենոմենը կարելի է բացատրել երկու հանգամանքով՝ ընդդիմությունը չի կարողանում ՀՀ քաղաքացիներին առաջարկել ադեկվատ «ճանապարհային քարտեզ» և հանրության մոտ վստահություն չի ներշնչում։
Երկրորդ՝ Փաշինյանն իշխանության է մնում գերտերությունների որոշմամբ, Հարավային Կովկասում գեոպոլիտիկ իրավիճակ փոխելու համար։ Փաշինյանի հսկողության տակ են ուժային կառույցներն ու բյուրոկրատական ապարատը՝ ՔՊ–ն մեծամասնություն է կազմում խորհրդարանում և նրանց լեգիտիմ ճանապարհով հնարավոր է հեռացնել միայն նոր, արտահերթ ընտրություններով, որոնց ՔՊ–ն ու Փաշինյանը չեն գնա՝տեսնելով սեփական գրեթե զրոյական վարկանիշը։